
Այս պահին Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձինք շարունակում են պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին:
Դեպքի վայրում են ՀՀ ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հունան Պողոսյանը փողոցում հավաքված քաղաքացիներին հորդորեց գնալ տուն` իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով:
Yerkir.am-ի հարցին` ներսում ինչ իրավիճակ է, Պողոսյանը ասել է, թե որեւէ բան ասել չեն կարող: Նշենք, որ ՊՊԾ տարածքի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են. անջատված է գազամատակարարումն ու ջրամատակարարումը: Ըստ ոստիկանության` դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Զուգահեռաբար սահմանափակվում է լրագրողների գործուներությունը: Մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետով ուղիղ հեռարձակումը ՊՊԾ շենքի հարակից տանիքներից մեկում դադարեցվել է ոստիկանության կողմից:
Ազատության մեր գործընկերները շարունակում են հեռարձակումը Խորենացի փողոցի մի հատվածից, որը սակայն գտնվում է ոստիկանության շենքից մի քանի 100 մետր հեռավորության վրա: