
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով դեկտեմբերի 6-ին սահմանվել է երթևեկության հատուկ կարգ:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների, ինչպես նաև 30-ից ավել նստատեղ ունեցող ուղևորատարների երթևեկությունը: Մնացած ավտոմեքենաներին թույլատրվում է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ։ Ամենագնացները կարող են երթևեկել առանց հատուկ շղթաների:
Դեկտեմբերի 6-ի դրությամբ Ախալքալաքի-Կարծախի (Թուրքիայի սահման) ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը դժվարարնցանելի էր դարձել, երթևեկությունը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար արգելվել էր Գուդաուրի (Պոստա)- Կոբի հատվածում։