
Վրաստանում երթուղային տաքսիների վարորդների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը որոշ դեպքերում հնարավոր է դադարեցվեն։ «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը այդ քայլին կգնա, եթե այսուհետ ևս դիմումներ լինեն այն մասին, ըստ որոնց, վարորդն ուղևորից պահանջում է վճարումը տերմինալի փոխարեն կատարել առձեռն։
Ուղևորներից ստացված բազմաթիվ դիմում-բողոքներին ծանոթանալուց հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ընկերությունը։ Հանրության հետ կապերի ծառայության ղեկավար Նաթիա Միքիաշվիլին մասնավորապես նշել է, որ ընկերությունը վերոնշյալ հարցի հետ կապված խիստ վերաբերմունք ունի:
«Մեր մոնիտորինգի ծառայությունը ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է հավաքում երթուղային տաքսիներում տերմինալով վճարման եղանակի արդյունավետության մասին։ Երբ պարզվի, որ սարքը չի աշխատում, իսկ վարորդն այդ մասին նախապես չի տեղեկացրել, անպայման դադարեցվելու է վարորդի հետ կնքած պայմանագիրը»,-պարզաբանել է Միքիաշվիլին: