Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանում երեկ տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածները հիշում են դեպքի մանրամասներն ու ասում, որ ցնցված են կատարվածով։
«Ամբողջ առաստաղն ընկավ: Երբ վագոնի մեջ էի և մարդիկ գոռում էին, ես մտածեցի, որ երկրաշարժ է: Հետո պատերից որոշ մասեր էին թափվում, կողքիս հարվածեցին», — պատմում է տուժող Թինաթին Մոսիաշվիլին:
Տուժածներից մեկի տատիկը պատմում է, որ առաստաղի փլուզման ժամանակ իր 19-ամյա թոռն ընկել է, իսկ խուճապի մատնված ժողովուրդը քայլել է նրա վրայով:
«Իմ թոռն է 19-ամյա Լիզի Գամգեբելիան: Երեկ մետրոյում էր առաստաղի փլուզման ժամանակ: Երեխան ընկավ և մարդիկ անցան նրա վրայով։ Վնասվել են երիկամները, իսկ փորի մեջ ջուր է հավաքվել», — ասում է Մանանա Մճեդլիշվիլին:
2017 թվականի ամռանը նշված մետրոյի կայարանում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: Միջադեպի հետ կապված արդեն սկսվել է հետաքննություն: Իրավապահները հարցաքննում են նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչներին: