Նոյեմբերի 30-ին համերգային ծրագրով Թբիլիսի կայցելի հայկական Նեմրա խումբը: 2012 թվականից գործող ռոք խումբը Թբիլիսիի երաժշտասերներին կներկայանա առաջին անգամ:
Համերգներ են նախատեսված «Հարդ-Ռոք» սրճարանում, «ՊԱՄ» ակումբում, և «ֆաբրիկայի» «Դայվ» բառում:
Թբիլիսի ծրագրված այցի, խմբի պատմության, ապագա ծրագրերի մասին Ալիք մեդիան զրուցել է խմբի հիմնադիր-անդամների հետ:
Նեմրա-ի սոլիստ և կիթառահար Վանը սովորել է երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, այնուհետև համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել: Երրորդ կուրսում գրելով առաջին երկու երգը՝ որոշեց խումբ ստեղծել.
«Երբ հասկացա, որ երգեր գրելը լավ է ստացվում, եղբորս ու բակի ընկերներից մեկի հետ որոշեցինք խումբ կազմել: Նույն շրջանում մեզ միացավ նաև Մարիաննան: Հայաստանում արդեն ունենք բավականին ջերմ և աճող լսարան, երջանիկ ենք, որ մեզ գնահատում են:
Վանը նաև Նեմրա-ի երգերի մեծ մասի հեղինակն է: Ասում է, որ իր երգերը ծնվում են հիմնականում երեկոյան՝ իրենից անկախ.
«Իմ ոգեշնչման աղբյուրը հենց կյանքն է: Երբեք չես իմանա, երբ կծնվի երգը: Կարևորն այն է, որ երգը հասնի մարդկանց սրտերին: Մինչ ստեղծագործելը, ինձ համար ծիծաղելի էր, երբ ասում էին, թե ոգեշնչումը գերմարդկային է, վերևից է գալիս: Երբ ես սկսեցի ստեղծագործել, հասկացա, որ դա իրականում այդպես է»:
Վանի կարծիքով իրենց երգերի հաջողությունը անկեղծության մեջ է։ Խմբի բաս կիթառիստ Վասպուրը ավելացնում է, որ ոչ մի երգ ալբոմը լրացնելու կամ հանդիսատեսին դուր գալու նպատակով չի գրվել.
«Մենք պարզապես անում ենք այն, ինչ սիրում ենք։ Անչափ հաճելի է, երբ մեր գործերը դուր են գալիս նաև ուրիշներին»:
Վասպուրը սովորել է ջութակի բաժնում, այսօր ժպիտով է հիշում իր առաջին հանդիպումը բաս կիթառի հետ.
«Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էի, երբ գնացինք փորձերի, առաջին անգամ տեսա բաս կիթառը, միանգամից վերցրեցի և սկսեցի նվագել՝ առանց լսելու, թե ինչ եմ նվագում»։
Վասպուրը խոստովանում է՝ սահմանափակ ռեսուրսների պատճառով Հայաստանում խմբի ճանաչելիության գործընթացը փոքր-ինչ դանդաղ է ընթանում․
«Մենք չունենք որևէ հովանավոր կամ պրոդյուսեր, մեր տեսահոլովակները, ձայնագրությունները, բոլորն արվում է մեր և մեր ընկերների աջակցությամբ»։
Խմբի անդամներից Մարիաննա Կարակեյանը նվագում է ստեղնաշարային գործիքների վրա: Նա Երևանի պետական կոնսերվատորիայի դասական դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո որոշել է իրականացնել իր մանկական երազանքներից մեկը՝ նվագել ռոք խմբի կազմում: Խմբերի գոյությունը, ըստ Մարիաննայի, ընդհանրապես բարդ է։ Համարելով Նեմրա-ի երկարակեցությունը մեծ ձեռքբերում, նա կիսվեց գաղտնիքով․
«Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ համատեղ ջանքերով հասնում ենք ինչ-որ հաջողության: Իհարկե, տարբեր տեսակի վեճեր և խնդիրներ լինում են, սակայն դրանց բոլորս ըմբռնումով ենք մոտենում։ Երբ երկու կողմերը վիճում են, երրորդն անպայման օգնում է հարթել»:
Խմբի անվան առաջարկությունն արել է Մարիաննան՝ «Արմեն» բառը ընթերցելով հետադարձ: Նա նաև երգեր է գրում՝ նշելով, որ դրանց մատուցման ձևը որոշում է հենց փորձերի ընթացքում.
«Գրելուց հետո ևս, մինչ բեմ հասնելը, երգը երկար ճանապարհ է անցնում: Փորձերի ժամանակ առաջարկում և փորձում ենք զանազան տարբերակներ, միայն ներդաշնակության հասցնելուց հետո որոշում ենք այն ներկայացնել հանրությանը»:
Խմբի բոլոր անդամները բարձր ոգևորությամբ են խոսում Վրաստանում սպասվող համերգների մասին: Նրանք վստահ են, որ հանդիսատեսի պակաս չեն ունենա, քանի որ «Վրաստանում ռոքն ավելի տարածված է»:
Խմբի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը ափսոսում է, որ եղանակները ցրտել են, սակայն վստահ է , որ «Նեմրան-ն իր երգով կջերմացնի մթնոլորտը Թբիլիսիում»: