Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական հարցերով արդեն նախկին քարտուղար Աննա Դոլիձեն, ով նախագահի որոշմամբ երեկ նշանակվել է Արդարադատության բարձրագույն խորհրդի (ոչ դատավոր) անդամի թափուր պաշտոնում, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին։
«Նրանցից շատերը, որ այսօր երևում են հեռուստացույցով, ամենայն հավանականությամբ, դատարանների շենքերից հեռադիտակներով նայում էին, թե ինչպես ենք հանրահավաքներ կազմակերպում»,- ասել է Դոլիձեն՝ հիշեցնելով, որ դատական համակարգում առկա խնդիրների մասին խոսում է 2004թ․-ից։
Դոլիձեն ասել է, որ կուտակած գիտելիքներն ու փորձը պատրաստվում է տանել արդարադատության բարձրագույն խորհուրդ՝ հույս ունենալով, որ կկարողանա օգտակար լինել ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանը: «Արդարադատության խորհուրդը, իսկապես, օգնության կարիք ունի»,-հայտարարել է Դոլիձեն:
Նկատենք՝ նախագահի որոշումը բուռն քննադատությունների է արժանացել։ Երկրի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն իր մտահոգությունը հայտնելով փաստի առիթով, նշել է․ «Ցավալի է, երբ նախագահն անկախ պաշտոնների է նշանակում իր աշխատակիցներին։ Այս միտումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ պետական ինստիտուտների գործունեության վրա»։