«Եվրոպական Վրաստան»-ը չի մասնակցի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
«Մեծամասնության առաջնորդներից լսել եմ, որ հանձնաժողովի աշխատանքները չեն վերաբերի բովանդակային փոփոխություններին: Այդ հանձնաժողովի ստեղծման միակ նպատակը նախապես հայտարարված 4 փոփոխություններն ընդունելն է: Այսինքն, փաստացի, մեծամասնությունը ընդդիմության հետ երկխոսության դուռը փակել է մինչ այդ երկխոսության մեկնարկը: Դրանից ելնելով, հանձնաժողովում աշխատելու իմաստ չենք տեսնում»,-ասել է Բաքրաձեն:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի խոսքով, ներկայացված 4 փոփոխությունները դրական միտում ունեն, սակայն նրանցից 4-ն էլ«Վրացական երազանք»-ը 2 շաբաթ առաջ արժեզրկել է:
Բոնուսների, դաշինքների արգելման, կրոնական ազատության խոչընդոտման մասին որոշումները «Վրացական երազանք»-ը ներկայացրել է երկու շաբաթ առաջ ընդունած Սահմանադրության նոր նախագծում: «Այն, որ այսօր իշխող թիմը միջազգային հանրության ճնշման ներքո փորձում է ուղղել սխալները, չի կարող կոնսեսուսի հիմք հանդիսանալ, քանի որ երկու կարևոր բաղադրիչ է պակասում՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի անցում և վրաց ժողովրդի համար նախագահ ընտրելու իրավունքի պահպանում: Առանց այս երկու բաղադրիչի, մեզ համար փոփոխություններն ընդունելի չեն լինի»,-ասել է Բաքրաձեն:
Ըստ Բաքրաձեի, պատճառներից մեկը հանրային քննարկումների հանդեպ մեծամասնության վերաբերմունքն է: «Մյուսն այն է, որ Վրաստանը ընդունել է միակուսակցական սահմանադրություն, ինչը ցավալի է»,- հայտարարել է Բաքրաձեն:
«Եթե մեծամասնությունը պատրաստ լինի քննարկել Սահմանադրության բովանդակությունը, մենք պատրաստ ենք մասնակցել, ամեն ինչ անել կոնսեսուսի հասնելու համար»,- հավելել է Բաքրաձեն: