«Եվրոպական Վրաստանը» դեմ է Վարդերի հրապարակի անվանափոխությանը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է Վարդերի հրապարակի անվանափոխությանը: Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ, Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Գիորգի Գաբաշվիլին:

Նրա գնահատմամբ, նախաձեռնությունը «նեղ կուսակցական, էժանագին քաղաքական քայլ է»:

«Վարդերի հեղափոխությունը միայն մեկ կուսակցության սեփականությունը չէ: Այն մի օր է, երբ վրաց ժողովուրդը չհամակերպվեց վիրավորանքի ու կեղծիքի հետ, դուրս եկավ փողոց և սեփական ճակատագիրը վերցրեց իր ձեռքը: Այդ օրը նա հրաժարվեց կաշառակերությունից և չկայացած պետությունից: Սա (քաղաքապետարանի որոշումը, խմբ․) լիարժեք անտեսում է այն կամքի արտահայտումը, որը ողջ Վրաստանը ցուցաբերեց Վարդերի հեղափոխության ընթացքում»,-Գաբաշվիլիի խոսքերն է մեջբերում imedinews-ը:

Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստանը» ձևավորվել է Վարդերի հեղափոխությունը գլխավորած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակիցների կողմից, ովքեր «Միացյալ ազգային շարժումը» լքեցին 2016-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

 

 

Թողնել պատասխան