Եվրամիություն-Վրաստան վիզային համաձայնագրի վավերացումը չի հետաձգվի. Եվրաինտեգրման նախարար

Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն հույս է հայտնել, որ Բրյուսելում Վրաստանի համար վիզայի ազատականացման շուրջ քվեարկությունն այլևս չի հետաձգվի: Հիշեցնենք`ժամեր առաջ հայտարարվեց, որ Եվրամիությունը վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի և Վրաստանի հետ:

«Եթե չեմ սխալվում արդեն հաջորդ շաբաթ Ստրասբուրգում նախատեսված է Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ հարցի քննարկումից հետո այն կուղարկվի անդամ երկրներ՝ վավերացման: Պարզ է, որ գործընթացն արդեն եզրափակիչ փուլում է: Գալիք տարվա սկզբից մեր քաղաքացիների համար կգործի առանց վիզային ռեժիմը»,- հայտարարել է Եվաինտեգրման հարցերով նախարարը:

Տեղեկացնենք, որ Վիկտոր Դոլիձեն այսօր հարցի շուրջ քննարկում է ունեցել Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավայի հետ:

Հատկանշական է, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները դեկտեմբերի 8-ին վստահեցրել են, որ մինչև հաջորդ տարվա գարուն Բրյուսելը թույլ կտա Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին առանց արտոնագրի մտնել Շենգենյան տարածք:

Թողնել պատասխան