«Վրաստանում բնակվող քաղաքացիների հնարավոր առեւանգման ու ապօրինի ձերբակալության դեպքերը պահանջում են մանրակրկիտ և թափանցիկ քննություն»,- ասված է Եվոպական արտաքին քաղաքական գործունեության ծառայության (EEAS) հայտարարությունում:Նշվում է, որ ծառայությունը ողջունում է Վրաստանում միջադեպի հետ կապված քննություն սկսելու փաստը և ուշադիր հետևելու է ընթացքին:
Նշված կառույցը Եվրոպական միության արտգործնախարարության պարտականություններն է կատարում՝ իրականացնելով ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականությունը, միության արտաքին ներկայացվածությունը:
Հիշեցնենք ՝ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում նախորդ շաբաթ: Ավելի ուշ պարզվել էր, որ նա ձերբակալված է, գտնվում է Բաքվում: Լրագրողի ընտանիքը վստահեցնում է, որ նրան առևանգել են, գաղտի տարել Ադրբեջան:
Բաքվում լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության, իշխանության նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործածման մեջ: Նրան մեղավոր ճանաչելու դեպքում սպասվում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Վրաստանի ՆԳՆ-ն նախորդ շաբաթ հայտարարեց, որ տարվում է լիարժեք քննություն՝ լրագրողի անհետացման փաստերը պարզելու ուղղությամբ: Ընդ որում նախարարությունը հերքում է լուրերն այն մասին, որ Մուխթարլիի անհետացման հետ կապ ունեն Վրաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները:
Մինչ այս թափանցիկ, օպերատիվ քննության կոչ էին արել ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, Եվրոպայի խորհուրդը, «Լրագրողներ առանց սահմանների» և այլ հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ: Վրաստանում ԱՄՆ դեսպան Յանն Քելլին ասել է, որ դեսպանատունը հետևում է իրադարձություններին:
Վրաստանում գործող կազմակերպությունների կողմից արդեն մի քանի բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն ադրբեջանցի լրագրողի: Բացի այդ ՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը առաջարկել է ՆԳ նախարարին և ԱԱԾ ղեկավարին կանչել խորհրդարան: