
Հունիսի 15-ին Եվրախորհրդարանը ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի հարցով բանաձև կընդունի: Եվրախորհրդարանի կայք էջում տեղադրված հաղորդագրության համաձայն` զուգահեռաբար քննարկվելու է նաև «ԶԼՄ-ների վիճակն Ադրբեջանում» հարցը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի «առևանգման» հարցով կոշտ բանաձև են նախապատրաստում։
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Թբիլիսիից անհետացել է մայիսի 29-ին, մայիսի 30-ին հայտնվել է Բաքվում: Նրա փաստաբանը պնդում է, որ լրագրողին մայիսի 29-ին անհայտ անձինք առրանգել են հենց տան մոտ, անցկացրել ադրբեջանական սահմանը՝ նրա գրպանը գցելով մոտ 10 հազար եվրո գումար:
Մայիսի 30-ին Մուխթարլիին մեղադրանք է առաջադրվել գումարի անօրինական տեղափոխման, մաքսանենգության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։ Աֆգան Մուխթարլին Բաքվի շրջանային դատարանի որոշմամբ այժմ գտնվում է եռամսյա նախնական կալանքի տակ:
Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։