Այսօր Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա եկեղեցում նորածինների 50-րդ համընդհանուր մկրտությունը տեղի կունենա: Ինչպես տեղեկացրել է պատրիարքարանը, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-ի սանիկ կդառնա եւս 661 երեխա: Այս պահի դրությամբ Իլիա 2-րդն արդեն 32 635 երեխայի կնքահայր է:
Մկրտությունը կանցկացվի օրվա երկրորդ կեսին: Փոքրիկներին կնվիրեն մկրտության խաչեր եւ վկայականներ: Մկրտությունից հետո, մոտավորապես 20:00-ին, Սամեբա կժամանի կաթողիկոս-պատրիարքը եւ քարոզով կդիմի ներկաներին:
Նորածինների համընդհանուր մկրտությունն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականի հունվարի 19-ին: Արարողությունը նպատակ ունի բարելավել երկրի ժողովրդագրական վիճակը: Պատրիարքի մկրտած երեխաներն ընտանիքների 3-րդ եւ 4-րդ զավակներն են: