Երեւանի պետական համալսարանի ջավախքցի ուսանողները վրացերեն են սովորում: «Ջավախք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմեն Ավետիսյանն ասում է՝ հաճախ Վրաստան վերադառնալով, մասնագիտություն ձեռք բերած ուսանողները պետական լեզվի չիմացության պատճառով դժվարանում են աշխատանքի տեղավորվել։ Այդ պատճառով նրանք վրացերեն սովորում են նաեւ Երեւանում: Ծրագիրն իրականացնում է «Ջավախք» հիմնադրամը։ Ուսանողները վրացերեն են սովորում A եւ B մակարդակներում, իսկ նոր ուսումնական տարվանից բաց կլինի նաեւ C մակարդակը: Այս մակարդակում նոր ուսումնական տարվանից սովորել է պատրաստվում թվով 35 ուսանող։ Ընդհանուր առմամաբ ծրագրին մասանկցել է 30 ուսանող։
Չնայած սրան, Ավետիսյանն ընդգծում է, որ ԵՊՀ-ում տարեցտարի նվազում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանից ժամանող ուսանողների թիվը։ Պատճառը, ըստ նրա, Վրաստանում այսօր էթնիկ փոքրամասնությունների համար գործող «1+4» ծրագիրն է, որի օգնությամբ պետական լեզուն չիմացողները հեշտությամբ վրաստանյան ԲՈՒՀ-եր են ընդունվում:
«Լավ կլինի, որ ուրաքանչյուր ջավախքցի՝ լինելով Վրաստանի քաղաքացի, տիրապետի պետական լեզվին»,- ասում է Ավետիսյանը՝ հիշեցնելով «օդում կախված» հարցը. «Ջավախքում ստեղծել վրաց-հայկական համալսարան, որի շրջանավարտները փայլուն կտիրապետեն ակադեմիական մակարդակով երկու լեզուներին, հեշտությամբ կինտեգրվեն․․․»,-ասում է Ավետիսյանը:
«Ջավախք» բարեգործական հիմնադրամի ղեկավարը ասում է, որ «մտահաղացումը բազմիցս առաջարկվել է վրացական կողմին, սակայն մինչ օրս հարցը մնում է օդում կախված»։
Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին, Արմեն Ավետիսյանը նշեց, որ դրանց հիմքում են կրթական ծրագրերը, կլոր սեղանները, գիտաժողովները, որոնք «հաճախակի չեն իրականացվում, թեպետ դրա կարիքը երկու կողմերն էլ շատ ունեն»:
«Ուրախալի է այն փաստը, որ վերջերս ԵՊՀ-ի և ԹՊՀ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Դրա հոգուն համահունչ պետք է սկսել աշխատել: Արդեն մեկնարկել են տարբեր միջոցառումներ։ ԹՊՀ-ն համերգ կազմակերպեց Երեւանում, ինչը շատ ջերմ ընդունվեց մեր կողմից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում հայկական կողմը ևս նմանատիպ միջոցառումներ կկազմակերպի»- նշեց Արմեն Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ այս տարի Ջավախքից ԵՊՀ է ընդունվել 38 ուսանող, որից 15-ը ընդհանուր հիմունքներով, իսկ 23-ը՝ ՀՀ ԿԳՆ-ի սփյուռքահայերի եւ ջավախքցիների համար նախատեսված հատուկ կարգով։