«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն էներգետիկայի նախարարությունից պահանջում է մանրամասներ ներկայացնել օրեր առաջ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին գազի մատակարարման պայմանների շուրջ կնքված համաձայնագրից։
Դիմումն ուղարկելով էներգետիկայի նախարարությանը՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի համակարգող Սուլխան Սալաձեն ասել է, որ իրենք դրանում պահանջում են հասարակությանը ներկայացնել նախկին համաձայնագիրը (պատճեն), որը ուժի մեջ էր մինչեւ 2016թ դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր պայմանագիրը։ Բացի այդ, կազամակերպությունը պահանջում է ներկայացնել նաև նոր պայմանագիրը կնքելու նպատակով «Գազպրոմի» հետ տարված բանակցություններն արտացոլող բոլոր պաշտոնական փաստաթղթերի պատճենները:
Սուլխան Սալամաձեն նշել է նաև, որ եթե համաձայանգրում որոշ տեղեկատվություն գաղտնի է, ապա նախարարությունը պետք է ներկայացնի բոլոր այն փաստաթղթերը, որոնք հաստատում են դրանց գաղտնիությունը: «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն նախարարության պատասխանն ակնկալում է աշխատանքային օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը։
Հատկանշական է, որ երկու տարի ժամկետով կնքված պայմանագրի առաջին տարվա ընթացքում Վրաստանը տարանցման գումարի մի մասը կստանա գազով, մյուս մասը՝ գումարի տեսքով: Բացի այդ, Վրաստանը «Գազպրոմ»-ից անհրաժեշտության դեպքում կարող է գազ գնել 1000 խմ-ի դիմաց 185 դոլարով՝ ավելի վաղ հայտարարված 215 դոլարի փոխարեն։
Ռուսական Գազպրոմի հետ ձեռք բերված նոր համաձայնագիրը քննադատում են նաև ընդդիմադիր գործիչները՝ նշելով, որ այն ավելացնում է Ռուսաստանից կախվածությունը։ Այդ մասին արտահայտվել է նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ ասելով, որ «Գազպրոմը» վնաս է հասցրել երկրի շահերին։
Տեղեկացնենք, որ հունվարի 18-ին «Defend Liberty» կազմակերպությունը «Ոչ Գազպրոմին» կարգախոսով բողոքի ակցիա է կազմակերպելու Վրաստանի կառավարության շենքի մոտ: