
Թբիլիսիում սկսված բողոքի ակցիային միացած քաղաքական ուժերը պահանջում են հանդիպում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Կառավարության ղեկավարի դեմ ներկացրած վերջնագրի պատճառի մասին ընդդիմադիրները ցանկանում են անձամբ տեղեկացնել։
Վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն, արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սպանված դպրոցականների ծնողներին՝ նրանց հետ առանց քաղաքական գործիչների ներկայության քննարկելու դպրոցականների սպանության գործով հետաքննության ընթացքը:
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլիի հայտարարությամբ, եթե վարչապետը չհամաձայնի հանդիպել, ապա բողոքի ակցիաները կշարունակվեն:
«Հանդիպումը, եթե կայանա, պետք է լինի մեր առաջարկած ձևաչափով: Մենք գործում ենք Զազա Սարալիձեի հետ և հանդիպմանը ևս միասին պետք է մասնակցենք: Իրավիճակը շտկելու բանալին իշխանությունների ձեռքերում է, հակառակ դեպքում նրանք Ռուսթավելիի պողոտայում ականատես կլինեն էլ ավելի բազմամարդ ակցիայի»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուդումաշվիլին: