
Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն իր մտահոգությունն է հայտնել Ստրասբուրգի դատարանի կողմից վրացի դատավորների թեկնածության մերժման առիթով։
Դոլիձեն այս մասին ասել է Պալիտրա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «360 աստիճան» հաղորդման ընթացքում՝ընդգծելով․«Ինձ համար մտահոգիչ է, որ մենք հայտնվել ենք այն երկրների թվում, որոնց կողմից ներկայացված ցանկը չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին»:
Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղարը, ով մասնագիտությամբ իրավաբան է, նշել է, որ սա նշանակում է՝ դատավորների ընտրությունը պետք է զրոից սկսել: «Մենք հույս ունեինք, որ Եվրախորհուրդը մեծ ոգևորությամբ կընդունի Վրաստանից ներկայացված թեկանածուներին»:
Հիշեցնենք՝ Եվրախորհդում Ստրասբուրգի դատավորների ընտրության հարցով նիստը մերժել է վրացական կողմի ներկայացրած բոլոր երեք թեկնածուներին։ Այս մասին «interpressnews»-ին փոխանցել է Եվրախորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժղենտին: Նրա տեղեկատվությամբ, վրաստանյան ցանկին դեմ է քվեարկել 5, կողմ՝ 1, ձեռնպահ է մնացել 2 անդամ: