Թբիլիսիիում անցկացվել է հայ-վրացական ֆուտբոլային թվով 15-րդ հանդիպումը:
Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» 0-2 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»: Բորիս Պայճաձեի անվան «Դինամո-Արենա» մարզադաշտում խաղին հետևում էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Վրացական թիմի հետ «Ալաշկերտը», որը եվրագավաթներին մասնակցելու կարճատև փորձ ունի, «Դինամոյին» հակառակվում էր առաջին անգամ, իսկ թբիլիսյան ակումբը արդեն մեկ անգամ մրցավեճի բռնվել է մեկ այլ հայկական ակումբի հետ:
Հատկանաշական է, որ խորհրդային տարիներից վրացական ֆուտբոլի առաջատար «Դինամոն», ի տարբերություն հայկական «Արարատի», անկախ Վրաստանի պատմության մեջ նմանապես զբաղեցնում է իր նախկինում հաստատած կարգավիճակը. այն ուժեղագույնն է երկրում:
Հայկական թիմերից միայն երեքն են մինչ այս հաջողացրել հաղթել թբիլիսյան ակումբին, սակայն «Ալաշկերտը» չկարողացավ կրկնել «Արարատի», «Բանանցի» և «Շիրակի» օրինակը:
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը սպասարկում էր ռումինական մրցավարական անձնակազմը` Սեբաստիան Կոլտեսկուի գլխավորությամբ: Նրան օգնում էին Ռադու Չինգուլեակը և Միրչա Գրիգորիուն, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը Պատրիկ Ֆիլիպեկն էր:
Խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Մինչև երկրորդ խաղակեսը «Դինամոյի» երկրպագու Դավիթ Մամուլաձեն «Ալիքի» հետ զրույցում վրացական թիմի խաղն այնքան էլ բարձր չգնահատեց, սակայն նշեց. «Հակառակորդը շատ ավելի թույլ է, Դինամոն պիտի որ հաղթի: Բայց եթե դա տեղի չունենա, պարտությամբ Հայաստան գնալ չարժե»:
Ֆուտբոլասերի կանխատեսումները շատ չանցած` իրականացան: Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին (հանդես է գալիս 13-րդ համարի ներքո) բացեց հաշիվը: Իսկ 69-րդ րոպեին «Դինամոն» գրանցեց երկրորդ գոլը, որի հեղինակը Գիորգի Կվիտալիան էր:
Այսպիսով խաղն ավարտվեց «Ալաշկերտի» պարտությամբ` 0:2 հաշվով:
Հատուկ այս հանդիպման համար Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Վաչիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Հակոբյանը իր պատանեկան թիմի հետ ժամանել էր Վրաստան: Թիմի ավագ և հարձակվող Մհերի կարծիքով` «չնայած պարտությանը, ֆուտբոլիստները գեղեցիկ խաղ ցուցադրեցին, հատկապես Գևորգ Կասպարովը»:
Սա, փաստորեն, հայ-վրացական ֆուտբոլային դիմակայության մեջ դարձավ 15-րդ հանդիպումը, որի ժամանակ ևս առավելության հասավ վրացական թիմը: Ինչպես գրում է Vivaronews.am սպորտային պարբերականը, հայկական ակումբներին միայն 3 անգամ է հաջողվել հաղթել, 2-ում խաղացել ոչ-ոքի, իսկ 9 խաղում հաղթել են վրացական ակումբները: Հայ ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 12 գնդակ, սեփականը բաց են թողել 29 գոլ:
Հատկանշական է, որ «Դինամո-Արենա» մարզադաշտի արևելյան և արևմտյան տրիբունաները գրեթե լեփ լեցուն էին հատկապես վրացի երկրպագուներով: Իսկ հյուսիսային մասում տեղակայվել էին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած «Ալաշկերտի» երկրպագուները, որոնք շրջապատված էին անվտանգության ծառայության աշխատակիցներով. հայ-վրացական ֆուտբոլային պատմության մեջ քիչ չեն եղել երկու թիմերի երկրպագուների միջև բախումները. վերջին թարմ օրինակներից է 2013թ. «Դինամո» — «Շիրակ» խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպը: Այս անգամ հյուրընկալող կողմը առավել մեծ ուշադրությամբ էր հետևում խաղի ընթացքին, տրիբունաներում տեղի ունեցող զարգացումներին` բարձր մակարդակով ապահովելով հայ երկրպագուների անվտանգությունը: Ոստիկանները մինչև վերջին րոպեն սպասում էին, թե երբ երկրպագուները կլքեն մարզադաշտը:
Ի դեպ, Հայաստանից «Ալաշկերտի» մոտ 100 երկպագու էր ժամանել: Բարեբախտաբար, այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ, միայն թե խաղի հաշիվը ոչ բոլորին բավարարեց:
Հայ երկրպագուներից Արթուր Համբարձումյանը, ով Արարատից հատուկ խաղի համար էր ժամանել Վրաստան, «Ալիքին» ասաց, թե հույս ուներ, որ «Ալաշկերտը» կհաղթի. «Բայց չնայած պարտությանը, մեր ֆուտբոլիստների խաղը գնահատում եմ գերազանց: Վստահ եմ, որ Հայաստանում մենք ենք հաղթելու»:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին` Երևանում: