«Վրաստանում պաշտոնապես բռնապետություն հաստատվեց»,- երեկ երեկոյան հայտարարեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
«Քանի որ Քիբար Խալվաշին հայտարարել է, որ «Ռուսթավի 2»-ը իր համար միայն բիզնեսի միջոց է, ուստի պատրաստվում է վաճառել այն, հետևյալ առաջարկությունն ենք անում: Մենք կվճարենք 3 944 397 լարին, որը և նա պահանջում էր»,- հայտարարել է Գվարամիան:
Իր հերթին, Քիբար Խալվաշին հայտարարել է. «Եթե դա հնարավոր լիներ, ես ինքս բանակցություններ կսկսեի: Գվարամիան դա նույն Միշան է: Բանակցությունների ժամանակն արդեն անցել է»,- հայտարարել է Խալվաշին:
Նրա խոսքով, ժամանակին Միխեիլ Սահակաշվիլին ու Նիկա Գվարամիան իրեն մեծ վնաս են պատճառել:
«Գիտենք, որ միլիոններ ունենալը նրանց համար չնչին բան է: Գվարամիան, Միշան ու նրա մյուս թիմակիցները երևի մոռացել են, թե ինչ վնաս են պատճառել ինձ»,- հայտարարել է Խալվաշին:
Հիշեցնենք՝ Վրաստանի գերագույն դատարանը հրապարակել է «Ռուսթավի 2» հեռուստաաընկերության գործով դատավճիռը, որի համաձայն, հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցնում է Քիբար Խալվաշիին: