
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեվրիշվիլին ուղղաթիռով ժամանել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ, որտեղ առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները փորձել են մտնել գյուղի եկեղեցու բակ խաչքար տեղադրելու մտադրությամբ: Նախարարը այս պահին բանակցություններ է վարում եկեղեցու ներսում:
Եկեղեցու տարածքը վերահսկվում է բանակի հատուկ ջոկատայինների կողմից: Jnews լրատվականի լրագրողների փոխանցմամբ, նախարարի հետ բանակցություններին է մասնակցում գյուղի մի քանի բնակիչ, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս մտնել եկեղեցու տարածք:
Եկեղեցու մոտ են հավաքվել գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվում են լքել տարածքը: Գյուղի տարածք է բերվել բանակի հատուկ ջոկատայինների նոր խմբեր: Ավելացվել է սպառազինությունը` հաղորդում է Jnews.ge լրատվականը: