«Գնա, գնա, գնա…», — Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց, Խորավա փողոցի սպանության գործով դատարանի կողմից «անարդար» դատավճիռը բողոքարկող ցուցարարները պահանջում են նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության մի շարք անդամների հրաժարականը:
Դեպքի վերաբերյալ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ողբերգությունից ցնցված է և վստահ է, որ արդարություն է լինելու։
«Ես անձամբ ճանաչում եմ գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին և վստահում եմ նրա պրոֆեսիոնալիզմին և բարեխղճությանը: Ես հավատում եմ, որ Իրակլին, նրա գրասենյակը ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր հանցագործները պատշաճ կերպով պատասխան տան օրենքի առջև»:
Ավելի ուշ, սակայն, Շոթաձեն՝ հանրային բողոքի ներքո հրաժարական էր տվել։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև պահանջում են կառավարության մի շարք անդամների, այդ թվում՝ արդարադատության նախարարի հրաժարականը։
Ցույցի կազմակերպիչներից Զվիադ Կուպրավան, ասել է, որ արդարադատության նախարարի կողմից օրվա ընթացքում արված հայտարարություններն ամոթալի են և նա պետք է ժամանակին հեռանա պաշտոնից: Հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով, եթե նրանց պահանջները չբավարարվեն, ապա գործողությունը կդառնա ավելի ծավալուն, քանի որ տարբեր մարզերում ապրող քաղաքացիները ևս կմիանան իրենց:
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին սոցիալական ցանցում անդրադարձել է գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականին՝ հայտարարելով, թե համաձայն չէ Շոթաձեի որոշման հետ և դիմել է դատախազներին՝ ասելով, որ մինչ նոր ղեկավարի նշանակումը պահպանեն հանգստություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածյալին է դատարանը մեղավոր ճանաչել։
Այս որոշումը մեծ բողոքի ալիք է բարձրացրել, բողոքի ակցիայի մասնակիցները նաև որոշում են ընդունել վրաններ տեղադրել խպորհրդարանի շենքի դիմաց և գիշերել այնտեղ՝ մինչռ չկատարվեն իրենց պահանջները։
Հատկանշական է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ սպանության մեջ մեղադրվող անչափահասներից մեկի ընտանիքը լքել է երկիրը։