Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին երկրաշարժից 28 տարի անց վերածնունդ է ապրում: Նոր շենքեր ու շինություններ, փողոցներ ու հեքիաթային մի միջավայր, որ ստեղծում են դպրոցականները՝ քաղաքի տարբեր հատվածներում իրենց մասնակցությամբ հեքիաթներ նկարահանելով։
Այս ամենում մեծ ներդրում ունեն կազմակերպությունները, որ հիմնվել են Գյումրիում: Այսպիսի մի կազմակերպություն է «Կազա» հիմնադրամը։ Այն հիմնադրվել է 1997թ․ հոկտեմբերին, երբ Սիրվարդ Գազաճեան-Փերսընի ղեկավարությամբ շվեյցարական «Կոմիտաս» երգչախումբը համերգով ժամանեց Հայաստան:
Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով գյումրեցիներին՝ հավատարիմ մնալով իրենց «սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն» կարգախոսին: Այսպիսով, հիմնադրամը տրամադրում է նյութական օժանդակություն, առաջարկում է հատկապես կրթական և զարգացման ծրագրեր:
Գյումրիի «Կազա» կենտրոնի պատասխանատու Սուսաննա Գրիգորյանը բացատրում է, թե ինչ է նշանակում «Կազա»-ն․«Կազա»-ն կապում ենք «Կոմիտաս» երգչախմբի անվան հետ: Երգչախմբում Կոմիտաս էին երգում ազգությամբ շվեյցարացիները։ Քանի որ խմբավարը հայ է եղել, խմբի տասնամյակի կապակցությամբ որոշել են Հայաստանում համերգ ունենալ: Ծանոթանալով իրավիճակին, որոշում են հիմնադրամ ունենալ նաեւ Հայաստանում»։
Կենտրոնը գործունեություն է ծավալում նաև շինարարական ոլորտում։ «Շենքերից մեկը նաեւ այս շենքն (որտեղ գործում է կետրոնը) է եղել, որտեղ տեղակայված է մի քանի կենտրոն: Մենք որոշել ենք ռեստորաններ չկառուցել, հիմնական շեշտը դրել ենք կրթության վրա: Ժամանակին նաև մանկապարտեզներ ու հիվանդանոցներ ենք հիմնել: Ֆինանսավորումը սկզբնական շրջանում գալիս էր Շվեյցարիայից եւ Ֆրանսիայից: Վերջերս «Կազա»-ի հայկական թիմը կարողանում է հոգալ ծախսերի 50 տոկոսը»,-ասում է կենտրոնի պատասխանատուն։
Նշված շենքը կառուցվել է երկրաշարժից առաջ որպես դպրոց ծառայած շենքի տարածքում: Շվեյցրացի ճարտարապետը որոշել է հենց այս վայրում կառուցել «Կազա» կենտրոնը: Շենքում տեղակայված է 3 կազմակերպություն՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն, «Արեւամանուկ» հոգեբանական հիմնադրամը եւ «Կազա» կենտրոնը:
Ֆինանսապես ինքնուրույն լինելուն օգնել է շենքում հյուրանոցային հարկ ունենալը: Գյումրիի Սոցիալապես անապահով ընտանիքների համար ծրագրի շրջանակներում համագործակցում են տարբեր կառույցների, նախարարությունների հետ:
«Հիմնականում աշխատում ենք 6-10 տարեկան երեխաների հետ, փորձում ենք լրացնել դպրոցի բացը։ Ընդհանուր առմամբ շաբաթական մեր կենտրոն է մտնում 400 մարդ: Ունենք նաև թեմատիկ խմբեր, որտեղ հայրենասիրությունից մինչև հիգիենայի հետ կապված հարցեր են քննարկվում: Թեև մենք շվեյցարական հիմնադրամ ենք, սակայն մենք՝ աշխատակիցներս Հայաստանի քաղաքացիներ ենք ու ուսումնասիրում ենք հայրենասիրությունը»։
Ինչ վերաբերում է հատուկ կարիքներով երեխաներին, կազմակերպությունը դեռեւս չունի համապատասխան մասնագետներ եւ հմտություններ, որը թույլ կտա աշխատել նաև սոցիալական այդ խմբի հետ: Կազմակերպության ծրագրերին մասնակցել են հազարավոր երեխաներ: Սուսաննա Գրիգորյանի խոսքով, շաբաթական շենք է մտնում մոտ 800 մարդ: