Metronome.ge վրացալեզու կայքը Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: Հոդվածում խոսվում է տարածաշրջանում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունների մասին: Հեղինակը հարցազրույց է արել կոնֆլիկտաբանների և կովկասագետների հետ: Վերջինները իշխանությանը կոչ են անում վերլուծել Սամցխե-Ջավախքում առկա իրավիճակը: Հոդվածի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև:
«Կումուրդո գյուղի բնակիչների և ոստիկանության միջև 10-րդ դարի եկեղեցու վերանորգման պատճառով միջադեպ է տեղի ունեցել: Տեղացիները փորձել են ներս մտնել գյուղի եկեղեցի և բակում խաչքար տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:
Իրավիճակի սրվելուց հետո տեղում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր, այնուհետև հատուկ ջոկատայիններ են բերվել, ինչը բորբոքել է տեղացիներին և իրավապահների հետ բախում է տեղի ունեցել: Կումուրդո է գնացել ներքին գործերի նախարարը, որից հետո իրավիճակը հանդարտվել է:
Առճակատման հետևանքով ծեծվել է ոստիկանության մի քանի աշխատակից, վնասվել են իրավապահներին պատկանող մեքենաներ: Ըստ տեղացիների՝ նախ ոստիկանությունն է սկսել ծեծել տեղացիներին, ինչը ստիպել է իրենց դիմադրություն ցուցաբերել:
Այսօր Կումուրդո գյուղի եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այս պահին տեղում խաղաղ է, չնայած որքան կտևի այդ խաղաղությունը՝ ոչ ոք չգիտի: Քրիստոնեական վիճելի եկեղեցու պատմությունը հետևյալն է: Վրաց գիտնականները պնդում են, որ այն, անկասկած, վրացական է, ինչն ապացուցում են նաև արձանագրությունները:
Սակայն, գյուղի ազգությամբ հայ բնակչությանը չի հետաքրքրում, թե ինչ են մտածում վրաց գիտնականները և վստահ են, որ տաճարը հայկական է, իսկ վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները՝ թուրքական ցեղասպանության ժամանակ զոհված իրենց նախնիններին է պատկանում:
«Եթե խաչի տեղադրման հնարավորություն չտան, այստեղ պատերազմ կլինի: Աշխատողները չեն հարգում մեր նախնիների աճյունները: Պարկերի մեջ են լցրել մեր պապերի ու տատերի ոսկորները»,- հայտարարում են տեղացիները:
Կոնֆլիկտաբան ու կովկասագետ Ալեկո Կվախաձեն «Մետրոնոմ»-ի հետ զրույցում ասում է, որ Կումուրդոյում զարգացած իրադարձությունները ցույց են տալիս տարածաշրջանում առկա վտանգները: Նրա խոսքով, Սամցխե-Ջավախեթիում Խորհրդային միության ժամանակ ռուսական ռազմաբազա է եղել և սահմանակցել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Այդ պատճառով տարածաշրջանը փակ է եղել և հիմնովին կտրված երկրի այլ շրջաններից: Արդյունքում շրջանի հայերը մեկուսացվել է Վրաստանի այլ քաղաքացիներից: Կվախաձեի հայտարարության համաձայն՝ այս ամենը դժվարացրել է նաև Սամցխե-Ջավախեթիում առկա ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպված ցանցը, որի արմատները, իր կարծիքով, գոյություն ունեն մինչ օրս:
Կոնֆլիկտաբանի խոսքով, 2004 թվականից վրացական հատուկ ծառայությունները սկսել են աշխատել այդ արմատները ոչնչացնելու ուղղությամբ: Դա արտահայտվում էր բնակչությունից մեծ քանակությամբ զենքի առգրավմամբ, որոնք ձեռք էր բերվել ռուսական ռազմաբազաներից: Կովկասագետի խոսքով, հատուկ ծառայությունների աշխատանքը հաստատվել է Վահագն Չախալյանի ձերբակալությամբ, ով ուղիղ Մոսկվայից, ռուսական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվել է:
Կվախաձեն «Վրացական երազանք»-ի կողմից Չախալյանին ազատելն անթույլատրելի սխալ է համարում: Նրա կարծիքով, հիմա վրացական հատուկ ծառայությունների ուշադրությունը տարածաշրջանում թուլացրել են, ինչի պարզ օրինակն է Կումուրդո գյուղում զարգացած իրադարձությունները:
«Թբիլիսի-Ախալքալաքի ճանապարհի վերակառուցումը, Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունը, կրթական ծրագրերը Սամցխե-Ջավախեթիում բնակվող ազգությամբ հայերին հնարավորություն է տվել ընտելանալ Վրաստանի այլ շրջաններին:
2012 թվականից հետո, Վահագն Չախալյանի ազատ արձակման և Վրաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության թուլացման արդյունքում տեղական սակրեբուլոները, նկատի ունեմ Նինոծմինդայի և Ախալքալաքիի, կոչ էին անում պաշտոնական Թբիլիսիին՝ ճանաչել թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, ինչը` մինչ այդ հնարավոր չէր պատկերացնել:
Ինչ վերաբերում է Կումուրդոյում առկա իրավիճակին, այնտեղ կատարվածը մեզ ցույց տվեց, որ վրացական պետությունը թույլ է: Նույնիսկ առօրյա փաստը առաջացրել է շրջանային մասշտաբի բախում: Տեսանք, որ վրացական հատուկ ծառայությունների համար դժվար է նման լոկալ ճգնաժամի կարգավորումը: Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դա ավելի մեծ մասշտաբ ունենա»,- հայտարարել է Կվախաձեն:
Վերջինիս հայտարարության համաձայն՝ չնայած Կումուրդոն Վարձիային մոտ է գտնվում, միևնույն է, մեկուսացված գյուղ է:
Կոնֆլիկտաբանի կարծիքով տաճարի վերականգնումը տեղացիների, շրջանի զարգացման համար դրական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն, բավականին բացասական վերաբերմունք է եղել: Դրա պատճառը, ըստ Կվախաձեի, իշխանությունների կողմից տարածվող սխալ տեղեկություններն են:
«Ջավախեթիի շրջանում, մի քանի հազար մարդ ռուսական ռազմաբազայում է աշխատել: Հետևաբար, նրանք ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ են ունեցել: Այդ մարդիկ ոչ մի տեղ չեն գնացել և դեռ այնտեղ են: Ռուսական հատուկ ծառայությունները կարող են ակտիվացնել այդ մարդկանց երբ ցանկանան: Այդ պատճառով վրացական պետությունը պետք է շրջանից զենք առգրավի: Այն, որ այդ շրջանում զենք կա, դա բոլորը գիտեն:
Ինչպես նաև անհրաժեշտ է բնակչության ինտեգրման գործընթացն արագացնել: Առաջին հերթին պետք է ավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որպեսզի ավելի շատ բեռնաշրջանառություն լինի և շատ մարդ աշխատի: Այնուհետև պետք է հզորացնել կրթական ծրագրերը: Բացի դրանից, տեղական դպրոցներում և մանկապարտեզներում պետք է ուժեղացնել նաև վրաց լեզվի ուսուցումը: Պետք է սկսվի Փարվանա լճի մոտակայքում լեռնադահուկային հանգստավայրի շինարարություն:
Կումուրդոն պետք է կցել Վարձիային, որպեսզի տեղացիները ավելի շատ շփվեն զբոսաշրջիկների հետ: Այլ կերպ, տարածաշրջանում իրավիճակը վատ կլինի»,- հայտարարել է Կվախաձեն:
Կովկասագետ Մամուկա Արեշիձեն «Մետրոնոմ»-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սամցխե-Ջավախեթիում, ի տարբերություն Կումուրդոյի բնակչության, Վրաստան պետության հանդեպ նման բացասական տրամադրվածություններ գոյություն չունեն: Նրա կարծիքով, ռուսական հատուկ ծառայությունները միշտ աշխատել և շարունակում են աշխատել տարածաշրջանում: Այդ պատճառով այս տեսանկյունից վրացական ուժային կառույցները պետք է ուշադրությունը չշեղեն:
Արեշիձեի խոսքով, Սաակաշվիլի իշխանության ժամանակ Վանո Մերաբիշվիլին (ներքին գործերի նախկին նախարար. խմբ.) տարածաշրջանը մի կողմից պահում էր բռնաճնշումների միջոցով, մյուս կողմից բնակչությունը վերահսկվում էր Մոսկվայում գործունեություն ծավալող տեղացի գործարարների միջոցով: Արեշիձեն ասում է, որ եթե Ռուսաստանը ցանկանար Սամցխե-Ջավախեթիում խժդժություններ կազմակերպել, ապա դա կաներ մինչև հիմա, չնայած, Հայաստանը չէր աջակցի: Կովկասագետի կարծիքով, պրագմատիկ և անձնական մոտեցումների պատճառով, պաշտոնական Երևանին ձեռնտու չէ լարվածություն տարածաշրջանում, քանի որ Սամցխե-Ջավախեթիի փակմամբ Հայաստանը լրիվ մեկուսացված կլինի, ինչը հավասար է սովամահ լինելուն: Թեև Արեշիձեն կարծում է, որ դա խաղաղության հնարավորություն չի տալիս և վրացական հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն և օրինակ խստորեն պատժեն Կումուրդոյի միջադեպին մասնակից անձանց, որպեսզի չկրկնվի ոստիկանության վրա ձեռք բարձրացնելու օրինակը:
«Կումուրդո գյուղում լարվածությունը տարիներ շարունակ գոյություն ունի: Դրա պատճառը եկեղեցին է, որը համարում են իրենց մշակույթի հուշարձան: Ինչ-որ մեկը, հայ-վրացական լարվածություն ստեղծելու համար, այս ժողովրդի գլուխը մտցրել է, որ պատին արված վրացական գրառումները հայկական են: Նույնիսկ Խորհրդային միության տարիներին այս հուշարձանի ուսումնասիրությունն ու վերականգնումը մեծ վտանգ էր ներկայացնում: Սաակաշվիլիի ժամանակ փորձում էին փոխել, սակայն հիմա իրավիճակը շատ տխուր է և հուշարձանը պետք է անհապաղ նորոգել:
Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ Կումուրդոյում տեղի ունեցած փաստի վերաբերյալ պետությունը իրավացի է և չպետք է թույլատրի եկեղեցում տեղացիների ինքնագործունեությունը: Խորհրդային միության տարիներին այս գյուղն ամենալավ զինված գյուղն էր: Վստահ եմ, որ Կումուրդոյի բնակչության հետ կապված ռուսական որոշ ուժեր են աշխատում: Սա զարմանալի չէ, քանի որ այստեղ ռուսական հատուկ ծառայությունների բավականին ուժեղ ցանց էր գործում: Այդ պատճառով, վրացական հատուկ ծառայություններին ուշադրության կոչ եմ անում»,- հայտարարել է Արեշիձեն:
Վերջինիս խոսքով, նախկին իշխանությունների ժամանակ գոյություն ուներ «Պիկ» հեռուստաալիքը, որի միջոցով Սամցխե-Ջավախքի բնակչությունը տեղեկատվություն էր ստանում: Հեռուստաալիքի փակումից հետո այս ժողովրդի համար տեղեկատվություն ստանալու այլընտրանքային աղբյուրը ռուսական քարոզչական լրատվամիջոցներն են դարձել: Արեշիձեն այս տեսանկյունից իշխանությանը կոչ է անում Սամցխե-Ջավախեթիի բնակչության համար նման հեռուստաընկերություն ստեղծել, որպեսզի տեղացիները ամբողջովին չկտրվեն երկրից: