«Գիրչին»  սպառնում է մարիխուանա ցանել իր գրասենյակում

 

«Գիրչի»  շարժման  անդամները դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:59- ին,  սեփական գրասենյակում մարիխուանա կցանեն:

Նրանք այդ քայլին կդիմեն, եթե Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանն ու նորընտիր  կառավարությունը չփոխի թմրանյութերի հարցով տարվող կոշտ քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է «Գիրչի» քաղաքական շարժման առաջնորդներից  Զուրաբ Ջափարիձեն: Նա նշել է, որ կուսակցությունն արդեն նամակով դիմել է խորհրդարանին։

««Գիրչին» դիմում է խորհրդարանին՝  մարիխուանայի և այլ հոգեներգործուն նյութերի   օգտագործումը, աճեցումն ու պահպանումը օրինականացնելու խնդրանքով»,-ասված է նամակում։

«Գիրչին» հիշեցնում է, որ նախորդ գումարման խորհրդարանում ձախողվեց  մարիխուանայի օգտագործման համար պատժի չեղարկման մասին նախագիծը։

«Մեր առաջարկները  նախորդ խորհրդարանի համար անընդունելի էին, սակայն մեր նպատակը ազատության սահմաններն ընդլայնելն է։ Ազատությունը հանդիսանում է ցանկացած այլ իրավունքի հիմքը, առանց որի գոյություն չունի ազատ հասարակություն»:

Խորհրդարանին ուղղված նամակում ասվում է նաև, որ տարիներ շարունակ պետությունը «դառնացրել» է հազարավոր մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքը:

«Այդ պատճառով մենք պահանջում ենք ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը, օրինականացնել անձնական օգտագործման նպատակով մարիխուանայի աճեցումն  ու պահելը»:

«Գիրչին» գտնում է, որ մարիխուանայի օգտագործման ապաքրեկանացման համար  ընդամենը քաղաքական կամք է պետք:

«Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:59- ին, մենք «Գիրչիի»  գրասենյակում մարիխուանա կցանենք։ Մեզ կարող է  միանալ նաև  յուրաքանչյուր չափահաս կամավոր։ Մենք այդ քայլին կդիմենք, եթե նոր գումարման խորհրդարանը աշնանային նիստի ընթացքում համապատասխան օրենսդրական փոփոխություններ չձեռնարկի»,-ասում են «Գիրչիի» անդամները՝ գիտակցելով, որ այդ քայլով կխախտեն Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածը, ինչը 6-12 տարի ազատազրկում է նախատեսում։

«Սա մեր  քաղաքական պայքարի ևս մի ձև է:  Հասկանում ենք, որ ռիսկի ենք դիմում, սակայն, հույս ունենք, որ անպայման կհաղթենք: Եթե  այս անգամ հաղթենք, կհաղթենք նաև ազատության համար մղվող այլ պայքարներում»,- նամակի բովանդակությունն է փոխանցում  «Interpressnews.ge» լրատվականը։

 

Թողնել պատասխան