Ցխինվալիի դատարանը Գիորգի Գիունաշվիլիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Նրա ընտանիքն օգնություն է խնդրում: Ցխինվալիի շրջանի Դիսեւի գյուղում ծնված Գիորգի Գիունաշվիլին ձերբակալվել էր 2016-ի հունիսի 8-ին՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Նա մեղադրվում է նաև դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ըստ Հարավային Օսիայի ազգային անվտանգության կոմիտեի հայտարարության՝ մեղադրյալը 2004-ից սկսած ակտիվ մասնակցություն է ունեցել վրաստանյան հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող՝ այսպես կոչված ինքնապաշտանության խմբի գործողություններում, Դիսեւի գյուղում: Գիունաշվիլին կասկածվում է ձեռքի նռնակի պայթեցման մեջ՝ 2007-ին, ինչպես նաև 2008-ի օգոստոսի 11-ին վրացական «ավազակախմբի» կազմում Դիսեւիի տարածքում ավտոմատ զենքից կրակ արձակելու մեջ, որի հետևանքով զոհվել էր հարավօսական մեկ զինծառայող, ևս մեկը` վիավորվել:
Վրաստանի իշխանությունները Գիունաշվիլիին առաջադրված մեղադրանքները աբսուրդային են համարում: Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական ինտեգրման հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ Գիունաշվիլիի ձերբակալությունն ապօրինություն է: Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը ևս հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ Գիունաշվիլիի ապօրինի բանտարկությունից ազատելու համար: Գիունաշվիլիի գործի մանրամասներն արդեն ներկայացվել են պետական բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրազեկվի միջազգային հանրությունը՝ ասված է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունում:
Փետրվարի 6-ին Գորիի շրջանի Զերտի գյուղի բնակիչ 48-ամյա Ջիմշեր Թիելիձեն ևս ձերբակալվել է և տեղափոխվել Ցխինվալիի ոստիկանության մեկուսարան: Նա մեղադրվում է Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու մեջ: Նույն մեղադրանքով տղամարդը ձերբակալվել էր նաև նախորդ տարի, ազատ արձակվել 2.000 ռուբլի տուգանք վճարելուց հետո: Հարազատները ենթադրում են, որ երկրորդ անգամ տուգանքը կրկնակի կլինի: