Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ազատ է արձակվել օրեր առաջ Կիևի օդանավակայանում ձերբակալված, Ռուսատանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Գիա Ցերցվաձեն:
«Ուկրաինան իր մարդկանց չի դավաճանում, այդ թվում՝ վրացիներին։ Մեր խոստմանը համաձայն, Գիա Ցերցվաձեն այժմ ազատության մեջ է»,- գրել է Լուցենկոն՝ հրապարակելով Գիա Ցերցվաձեի լուսանկարը:
Գիա Ցերցվաձեին նրա մարտական ընկերները դիմավորել են ծափահարություններով:
Փաստաբան Քսենիա Պրոկոնովան հայտարարել է, որ Գիա Ցերցվաձեի ազատ արձակմանը զուգահեռ, պետք է աշխատել, որ նա երկրից հեռանա, կանխվի Ռուսաստանին նրա արտահանձնումը:
«Սա նախնական կալանքից ազատ արձակում է։ Ռուսաստանին հանձնելու հարցը կորոշվի արտահանձնման ընթացակարգերի ստուգումից հետո»,-հայտարարել է Մարիա Պրոկոնովան:
Հարցի վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն՝ նշելով, որ ուկրաինացի իր գործընկերոջից ստացած տեղեկությունների համաձայն՝ մոտ ապագայում կլուծվի նաև արտահանձնման հարցը:
«Վրաստանի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ շարունակում է ակտիվորեն աշխատել, որպեսզի վերջնականապես լուծվի Ցերցվաձեի արտահանձնման հետ կապված հարցը»,-հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազը:
Ազատ արձակվելուց հետո Գիա Ցերցվաձեն հանդիպել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխեիլ Ուկլեբային: