Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Վրացական երազանքը ներկայացնող Գիորգի Վոլսկին, նախագահի ընտրության կարգի հետ կապված հայտարարություն է արել, ըստ որի՝ Վրաստանի նախագահի ընտրությունը չպետք է ուղիղ ճանապարհով լինի, այլ նրան պետք է ընտրի Խորհրդարանը:
Մենք կարծում ենք, որ որոշումը պետք է ընդունվի՝ ելնելով եվրոպական ժողովրդավարական օրենքներից։ Երկրում պետք է ուժեղանա պառլամենտական կառավարումը, Խորհրդարանին պետք է տրվեն ավելի շատ իրավունքներ, այդ թվում նաև նախագահի ընտրության իրավունքը:
Վոլսկիի հետ համակարծիք է նաև նույն կուսակցությունից Գիա Ժորժոլիանին: Իսկ Հանրապետականների առաջնորդ Ուսուփաշվիլին այն կարծիքին է, որ սահմանադրական մեծամասնությունը պատգամավորներից ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ մեծամասնության մոտ երկրի գլխավոր օրենքում փոփոխություններ անելու գայթակղություն է առաջանում, ինչի արդյունքում մեծանում է ավելի շատ սխալներ թույլ տալու հավանականությունը:
Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի սահմանադրության, նախագահն ընտրվում է քաղաքացիների ուղիղ ընտրության միջոցով՝ 5 տարի ժամկետով: Հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականին: Վրացական երազանքի առաջնորդներից մեկի առաջարկությունը կյանքի կոչելու համար ահնրաժեշտ է փոփոխություն մտցնել երկրի հիմնական օրենքում: Ընտրությունների արդյունքներից արդեն իսկ պարզ է, որ Վրացական երազանքը Խորհրդարանում մեծամասնություն կկազմի նույնիսկ այն պարագայում, որ դեռևս երկորդ փուլն է առջևում։ Ոչ ոք չի կասկածում, որ Իվանիշվիլիի քաղաքական ուժը խորհրադարանում ամենաշատ տեղերն է ունենալու: