Համաշխարհային առաջնորդներն արձագանքել են իտալական Ջենովա քաղաքում տեղի ունեցած ողբերգությանը։ Կանադայի և Ֆրանսիայի ղեկավարներն առաջիններից էին, որ խորը ցավ հայտնեցին կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ Twitter-ի իր էջում գրելով, որ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Իտալիայի իշխանություններին և ժողովրդին։
My deepest condolences over the bridge collapse in Genoa, #Italy. Georgia stands with the Italian government and people in solidarity.
— President Of Georgia (@MargvelashviliG) August 14, 2018
Ողբերգությանն անտարբեր չի մնացել նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով զոհվածների ընտանիքներին ուղղված ցավակցական հեռագիրը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ավելացնենք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ի առավոտյան Իտալիայի հյուսիսում գտնվող նավահանգստային Ջենովա քաղաքում փլուզվել է 1960-ականներին կառուցված ավտոճանապարհային կամուրջը, ինչի հետևանքով ավելին քան 35 մարդ է զոհվել: