Թբիլիսիի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Վրաստանում Մահաթմա Գանդիի օրերի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Գանդի» հիմնադրամի, Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամի և Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի աջակցությամբ: Կոնֆերանսին ներկա էին ինչպես Վրաստանի դիվանագիտական կորպուսի, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում «Գանդի» հիմնադրամի խորհրդի նախագահ Իրակլի Կակաբաձեն, ով նախ ողջունեց ներկաներին այնուհետև ավելացրեց. «Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք դրան և սովորենք ապրել առանց բռնության: Քանի անգամ մենք զենք ենք վերցրել, պարտվել ենք , քանի անգամ մեր երկրի նկատմամբ զինվել ենք սիրով, ինչպես Իլիա Ճավճավաձեն, Վաժա Փշավելան և Մերաբ Կոստավան, հաղթել ենք»:
Միջոցառմանը ներկա էր խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաճանտիրաձեն, ով «Ալիքի» հետ զրույցում վստահեցրեց, որ նման միջոցառումները կնպաստեն վրաց-հնդկական հարաբերությունների զարգացմանը.
«Վրաստանում առաջին անգամ են նշվում Գանդիի օրերը: Միջոցառմանը մասնակցում են ինչպես ներկայացուցիչներ Վրաստանից և Հնդկաստանից, այնպես էլ մեր հարևան երկրներից՝ Հայաստանից և Ադրբեջանից: Անփոխարինելի է Գանդիի դերը խաղաղ ճանապարհներով խնդիրների լուծման ավանդույթ ձևավորելու մեջ: Բարեբախտաբար, 2010 թվականից մենք ունենք դեսպանատուն Հնդկաստանում: Հուսով ենք` մոտ ապագայում Հնդկաստանը նույնպես կունենա իր դեսպանատունը Վրաստանում, որը շատ կարևոր քայլ կլինի համագործակցության զարգացման համար»:
Վրաստանում Մահաթմա Գանդի հիմնադրամի գործադիր տնօրեն Շորենա Աբրամիշվիլին խոսեց միջոցառման նպատակների մասին.
«Գանդիի օրերի առիթով Վրաստանում է գտնվում Հնդկաստանից ժամանած պաշտոնական պատվիրարկությունը, որոնց թվում է Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարարը, այլ պաշտոնյաներ և գործարարներ: Միջոցառման նպատակը տարածաշրջանում գանդիական սկզբունքների հաստատելն է` հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Այն ունի նաև կրթական նպատակ, որը նախատեսում է կոնֆլիկտաբանության ոլորտում ավելացնել Հնդկաստանի ներգրավվածությունը»:
Հնդիկ դիվանագետ Աշոկ Սաջջանհարը, ով ժամանկին դեսպանի պաշտոն է զբաղեցրել Ղազախստանում, Շվեդիայում և Լատվիայում, «Ալիքի» հետ զրույցում խոսեց միջոցառման նշանակության մասին.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է ամբողջ աշխարհում աճում բռնությունը, կարող եմ վստահորեն ասել, որ այս նախաձեռնությունը անչափ կարևոր է: Ամեն օր մենք լսում ենք նորանոր ահաբեկչությունների մասին` աշխարհի տարբեր անկյուններում: Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար հարկավոր է նոր գաղափարախոսություն: Մահաթմա Գանդիի փիլիսոփայությունն ու գաղափարարխոսությունը խաղաղության պահպանման և բռնություն չկիրառելու մեջ է: Դա այն է ինչի կարիքն այսօր բոլորս ունենք: Չնայած նրան, որ Վրաստանն ու Հնդկաստանը համագործակցության մեծ պատմություն ունեն, վերջին 20 տարիներին երկուստեք հարաբերություններն այդքան էլ դինամիկ չեն ընթացել: Հուսով եմ` նման միջոցառումները կնպաստեն հարաբերությունների զարգացմանը»:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի մեծ առաջնորդի գաղափարները տարածող հիմնադրամը` «Գանդին» Վրաստանում գործում է 2014, իսկ Հայաստանում` 2015թվականից: