2016 թվականին նախորդ տարվա համեմատ գաղտնի հետաքննությունների թիվն աճել է 1.5 անգամ: Նախորդ տարի Վրաստանում օրինական գաղտնի հետաքննություններ են իրականացվել 3 927 մարդու հանդեպ, իսկ 2015 թվականին այդ թիվը կազմել է 2 349: Պաշտոնական տվյալները հրապարակել է Վրաստանի գերագույն դատարանը:
Այս գործողություններն իրականացնելու համար, նախորդ տարի քննչական մարմինները քաղաքային և շրջանային դատարաններին դիմել են 4 150 անգամ: Դիմումների 92 %-ը լիովին բավարարվել է (3 822), 2.6 %-ը (107) կիսով չափ, իսկ 4.9 %-ը (202) չի բավարարվել: Մոտավորապես 1 %-ի դեպքում քննչական մարմիններին հանձնարարվել է ոչնչացնել ձեռք բերված նյութերը:
Գաղտնի հետաքննությունների տեսակներն են` հեռախոսազրույցի գաղտնալսում և ձայնագրում, տեղեկատվության ձեռք բերում համակարգչից, փոստային-հեռախոսային նամակների վերահսկում, գաղտնի տեսա և ձայնագրություն, էլեկտրոնային վերահսկողություն:
Նախորդ տարի գաղտնի հետաքննության թույլտվության դիմումների կեսից ավելին (2 921) եղել է Թբիլիսիի դատարանում, որտեղ բավարարվել է դիմումների 93 %-ը (2 725): Թբիլիսին միակ վայրն է եղել, որտեղ դատավորները գաղտնի կերպով ձեռք բերված նյութերի ոչնչացման մասին որոշում են կայացրել: Օրինակ 2015 թվականին նման որոշում են կայացրել Բաթումիի (1), Քութաիսիի (3), Ռուսթավիի (5), Զուգդիդիի (1) և Գուրջաանիի (2) դատարանները:
Թբիլիսիից բացի, գաղտնի հետաքննություն անցկացնելու թույլտվություն է տվել ամենաշատը Բաթումին (207 դիմումից բավարարվել է 176-ը), այնուհետև` Քութաիսին (188-ից`176), Ռուսթավին (141-ից` 140) և Գորին (110-ից` 104)
Բոլոր դիմումները բավարարվել են Օզուրգեթիում (48), Փոթիում (27), Սաչխերեում (12), Գուրջաանիում (11), Ցագերայում (4) և Ախալքալաքիում (2): Դիմումներն ամենից շատ մերժվել են Թելավիում (78-ից 29-ը չի բավարարվել):
Վրաստանի Գերագույն դատարանը գաղտնի հետաքննությունների մասին վիճակագրական տեղեկատվությունը հրապարակելու մասին որոշում է կայացրել 2014 թվականի օգոստոսի 1-ին: