««Գազպրոմ»-ի հետ դեռևս ոչ մի համաձայնության չենք եկել», այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն
Վրաստանի էներգետիկայի նախարարի համաձայն, «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ նոր հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա: Կալաձեն նաև պարզաբանել է, որ բանակցություններում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա.
«Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ տարիների ընթացքում «Գազպրոմի» հետ ձեռք ենք բերել համագործակցության փորձ: Բավականին լավ ընկերական հարաբերություններ ունենք նաեւ էլեկտրաէներգիա գնելու տեսանկյունից: Այս հարաբերությունները տարիների ընթացքում ինձանից առաջ գործող նախարարներն են կառուցել: Իսկապես, ես այսօր չեմ պատրաստվում վատթարացնել դրանք»:
Նախարարն ասել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երկրի բնակչությունը հնարավորություն ունենա օգտվել էլեկտրաէներգիա եւ բնական գազ ստանալու իր իրավունքից: Նա, սակայն դժվարացել է նշել, թե «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա: Ինչ վերաբերում է հարցին, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանին գազ մատակարարել Վրաստանի միջոցով և դա անել Իրանի տարածքով, Կալաձեն նշել է, որ ռուսական կողմը հանդիպումներից մեկի ընթացքում նման ակնարկ արել է: