«Դեմոկրատական շարժում» և «Ազատ Վրաստան» կուսակցությունները պատրաստվում են Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուին ներկայացնել: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Ըստ նրա՝ Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է Կախա Կուկավան: Ըստ Բուրջանաձեի՝ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ և միավորվել ընտրություններին ընդառաջ՝ առաջադրելով սեփական թեկնածուներին: Սակայն «Դեմոկրատական շարժումը» և «Ազատ Վրաստանը» գնացին այս ճանապարհով: Բուրջանաձեն ասել է, որ իրենց միությունը բաց կլինի բոլոր քաղաքական ուժերի համար՝ բացառությամբ «Միացյալ ազգային շարժում» և «Վրացական երազանք» կուսակցությունների:
«Մենք առաջադրանք ունենք՝ մեր ընտրողներին իրական ընտրություն առաջարկել: Այսօր ներկայացված բոլոր կուսակցությունները մի գաղափարի կրող են: Մենք կփորձենք հասարակությանն առաջարկել ժամանակակից հանրային ուժ, որպեսզի մեր ընտրողները կարողանան ընտրություն կատարել լիբերալ և ազգային քաղաքական ուժերի միջև»,-ասել է Բուրջանաձեն: Ինքը ՝ Կախա Կուկավան, լրագրողներին ասել է, որ առաջիկա օրերին իր թեկնածությունը կներկայացվի: Ծրագրային կետերից են լինելու տնտեսական խնդիրները և ապօրինի միգրացիան:
Հիշեցնենք՝ քաղաքապետերի ինչպես նաև տեղական օրենսդիր մարմինների (սակրեբուլո) ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերին: Պաշտոնապես արդեն ներկայացվել է 5 թեկնածություն՝ իշխող «Վրացական երազանքից» Կախա Կալաձեն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումից» Զաալ Ուդումաշվիլին, «Եվրոպական Վրաստանից» Ելենա Խոշտարիան, «Շինարարների շարժումից» Թենգիզ Շերգելաշվիլին և անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին: Ավելի վաղ Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու ցանկություն էր հայտնել նաև «Պատրիոտների ալյանսը» ներկայացնող Իրմա Ինաշվիլին: