«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան անդրադարձել է Բորջոմիի քաղաքային խորհրդում տեղի ունեցող դեպքերին, երբ խորհրդի նախագահին ի վերջո իմպիչմենտ հայտարարվեց։
«Բորջոմիի քաղաքային խորհրդում կատարվող դեպքերի համար «Վրացական երազանքն» է պատասխանատու, որը խոսում է ժողովրդավարության ամրապնդման մասին»,-ասել է Ուգուլավան՝ պատահածի մեջ մասնավորապես մեղադրելով խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գեդևան Փոփխաձեին:
Ըստ Ուգուլավայի՝ բորջոմցիների որոշումն էր, որ քաղաքային խորհրդի ղեկավարը լինի ընդդիմադիր և համագործակցի իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքապետի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդում քննարկվել է խորհրդի նախագահ, ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Զազա Չաչանիձեի իմպիչմենտի հարցը։ 19 կողմ 2 դեմ ձայնով Չաչանիձեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: