Վրաստանի տարածաշրջանի զարգացման նախարարության տվյալով՝ Բորջոմիում 100 հա անտառածածկ տարածք հրդեհի բաժին է դարձել:
Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարում՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ օդուժի կողմից: 1500 փրկարար, 60 միավոր տեխնիկա՝ վրացական կողմից, 25 միավոր՝ հարևան պետությունների, 5-րդ օրն է պայքարում են կրակի դեմ: Մարման աշխատանքներին խոչընդոտում է բարդ ռելիեֆը, օջախների անհասանելիությունը: Օրվա երկրորդ կեսին քամին կրկին դժվարություններ է ստեղծել փրկարարների համար:
Կրակի հիմնական օջախը Բորջոմիի հանգստավայրից 11 կմ հեռավորության վրա է, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ հանգստացողներին վտանգ չի սպառնում: Իրավիճակը վերահսկվում է, բնակելի գոտու ուղղությամբ կրակի տարածման վտանգ չկա: Հիշեցնենք ՝ նախօրեին ուժեղ քամին կրակի նոր օջախներ էր ավելացրել: Քամու և վատ տեսանելիության պատճառով մինչև լուսաբաց դադարեցվել էր ուղղաթիռների աշխատանքը:
Վրաստանի կառավարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հրդեհի հետևանքները վերականգնելու և անտառավերականգնողական աշխատանքների նպատակով հատուկ հաշվեհամարներ են բացվել: Ֆինանսական աջակցության պատրաստակամություն են հայտնել գործարար և բանկային ոլորտի ներկայացուցիչներ:
Բորջոմիի ազգային այգին ամենամեծերից է Եվրոպայում՝ 5,3 հազար քկմ տարածքով, ինչը Վրաստանի ընդհանուր տարածքի 7,6%-ն է:
Տեսանյութը և լուսանկարները՝ Վրաստանի ՆԳՆ-ի էջից