Օգոստոսի 22-ի վաղ առավոտյան Բորջոմիի անտառի հարակից տարածքում բռնկված հրդեհի կասեցման աշխատանքները վերսկսվել են: Ուղղաթիռները մեկնարկել են աշխատանքը լուսաբացին: Այս փուլում աշխատում է 2 ուղղաթիռ՝ Վրաստանից եւ Ադրբեջանից:
Տեղում սպասում են Ադրբեջանից եւ Թուրքիայից լրացուցիչ օդային տեխնիկայի՝ եւս մեկ ուղղաթիռ Թբիլիսիից, 2-ը՝ Թուրքիայից: Վրաստանի տարբեր շրջաններից մոբիլիզացված է 320-ից ավելի հրշեջ-փրկարար: Հրդեհի դեմ պայքարը Բորջոմիի անտառում շարունակվել է ողջ գիշերվա ընթացքում:
Ծանր տեխնիկայի միջոցով անտառում բացվել է 10 կմ-ից ավելի մի քանի ճանապարհ, որպեսզի հրդեհը չտարածվի անտառի մյուս հատվածներում, սակայն օգոստոսի 22-ի առավոտվա դրությամբ հրդեհը ամբողջապես կասեցված չէ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գնահատմամբ` Բորջոմիում հրդեհի մարման աշխատանքներում դրական միտում է դիտարկվում: Կառավարության ղեկավարը այսօր Ենթակառուցվածքների եւ ՆԳ նախարարների հետ միասին ուղղաթիռով հետեւել է աշխատանքներին:
«Սա առավելագույնն էր, ինչին հնարավոր էր հասնել մեկ գիշերվա ընթացքում: Տղաներն արել են հնարավոր ամեն ինչ: Բացի այն, որ գիշեր էր եւ մութ, աշխատանքներին խոչընդոտում էր նաեւ շարունակվող ծուխը: Այս պահի դրությամբ հասել ենք այն փուլին, որ Ծաղվերին, Տիմոթեի թաղամասի տարածքը ամբողջովին վնասազերծել ենք»,- Ռուսթավի 2 հեռուստաընկերության հետ զրուցում հայտարարել է Հատուկ շտաբի ներկայացուցիչ Թամազ Գամցեմլիձեն:
Հիշեցնենք, Բորջոմիի անտառի՝ Դաբա գյուղի հարակից տարածքում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին: Հրշեջ-փրկարարները կարողացել էին կրակը լոկալիզացնել օգոստոսի 21-ի կեսօրին միայն, սակայն ուժգին քամու պատճառով կրակը շարունակել էր տարածվել: Նախորդ գիշեր հրդեհի հարակից տարածք էր այցելել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խնդրի լուծման համար ստեղծված արտակարգ շտաբի նիստին մասնակցելու նպատակով:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ Բորջոմիի անտառում այսօր քամու արագության ուժգնություն չի սպասվում: Ինչպես «ինտերպրեսնյուս» լրատվականին են հաղորդել Շրջակա միջավայրի ազգային ծառայության օդերեւութաբանները, այսօր Բորջոմիում եւ դրա հարակից տարածքում սպասվում է պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից 35 աստիճանի շրջակայքում: