100-ից ավելի մարդ է հավաքվել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով քաղաքային իշխանությունների հետ հանդիպում: Ցուցարարները փորձել են քաղաքապետարանի շենք մուտք գործել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ակցիան նախաձեռնել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և ութ արտախորհրդարանական կուսակցությունների համակարգող խորհուրդը: Ցուցարարները դժոգում են վերաքննիչ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին մեկ միլիոն լարի պետական փոխհատուցման փաստից:
Նախորդ շաբաթ Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) ընդդիմությունը փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն դատավոր Նազգաիձեի եղբայրն աղետի գոտում գտնվող հողամասի դիմաց գումարի փոխհատուցում ստանալու իրավունք չի ունեցել: Ընդդիմությունը մեղադրում է քաղաքապետարանին՝ քաղաքական կոռուպցիայի մեջ, քանի որ դատավոր Նազգաիձեն ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով դատավորն է: Ցուցարարները պահանջում են գումարները պետական բյուջե վերադարձնել:
Խոսվում է նաև ձերբակալությունների մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը 5 ցուցարարի է ձերբակալել: