Հավլաբարի մետրոյի հարակից տարածքում` սթենդների վրա Թբիլիսիի մի շարք փողոցներ էին ներկայացված: Սակայն Ցուցադրությունը ոչ թե փողոցների գեղեցկությունը ցույց տալու համար է, այլ այս կերպ բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց բակերն ու փողոցները վերանորոգվեն:
Ասում են` չորս տարուց ավել է` փողոցները չեն ասֆալտապատվում: Դրանց վրա արդեն փոսեր են գոյացել, որոնք դժվարացրել են մարդկանց տեղաշարժը: Երթուղայինների և շտապ օգնության մեքենաների ելումուտը ևս մեծ դժվարությունների հետ է կապված:
Մեր հարցին` ինչու է ակցիան կազմակերպվել հենց երևանյան պուրակի տարածքում, կազմակերպիչներն ասում են` սա հայտնի պուրակ է, այստեղ միշտ մարդաշատ է, և այս կերպ փորձում են իշխանությունների ուշադրությունը գրավել.
«Տեղական իշխանություններին դիմել ենք, ոչ մի շարժ դեռևս չկա: Պատասխանում են, որ այս պահին միջոցներ չկան, երբ կլինեն` չգիտեն: Այսօր մենք այսօրինակ ցուցադրություն ենք կազմակերպել: Այստեղ հիմնականում հայկական բնակչություն է, և մենք ցույց ենք տալիս այն, թե կառավարությունն ինչ պետք է անի ու չի անում: Փողոցներն արդեն չորրորդ տարին այս վիճակում են»:
Մելաանիի փողոցի բնակչուհի Սիլվա Կարտաշյանը ցույց է տալիս իրենց բակի փողոցը. դեկտեմբերին ջրագծի վթարի պատճառով հեղեղվել է բակը, ավիրել հարևան տներից մեկը: Գոյացած մեծ փոսերի պատճառով այստեղ ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաների անցուդարձը մեծ դժվարությունների հետ է կապված.
« Դեկտեմբերից դիմում ենք. նա նրա մոտ ա ուղարկում, նա նրա մոտ, հիմա էլ ասել են երկուշաբթիից հինգշաբթի պտի գան, հերթական երկուշաբթին ու հինգշաբթին է: Հույսով ենք ապրում, տեսնենք` ինչ կանեն»:
Բողոքի երթը երևանյան պուրակից տեղափոխվեց դեպի Կարմիր ավետարան եկեղեցու մոտ, որտեղ միացան նաև հարևանության ապրող բնակիչներից մի քանիսը: Եկեղեցու հարևանությամբ տարածքը` ակցիայի մասնակիցների համոզմամբ` վերջերս վաճառվել է, և շուտով այստեղ պետք է հյուրանոց կառուցվի:
Բնակիչները դեմ են դրան մի քանի պատճառներով. նախ որ շինարարության արդյունքում եկեղեցին կմնա ստվերում, և այս դեպքում դրա ռեստավրիացիայի մասին խոսք լինել չի կարող: Նաև այն, որ շինարարության արդյունքում առանց այն էլ նեղ փողոցը, որը երրկողմանի երթևեկություն է ապահովում, ավելի է նեղացել, քանի որ սեփականատերը օգտվել է նաև փողոցի երթևեկելի մասի տարածքից:
Ակցիային միացավ նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան, ով Ալիքի հետ զրույցում նշեց, որ պայքարողների կողքին է կանգնելու.
«Պատմական հուշարձանի առջև որևէ շենքի կառուցումն անընդունելի է: Մենք բողոքում ենք ինչպես Ճանապարհը նեղացնելու, այնպես էլ պատմական հուշարձանը ստվերում թողնելու դեմ: Թույլ չենք տա, որ քաղաքապետարանն այս տարածքը վաճառի. ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն տրվի Հավլաբարիի բնակիչներին: Իշխանությունների վերաբերմունքը պետք է համարժեք պատասխան ստանա: Մեր դեպքում դա բազմամարդ ցույցերի կազմակերպումն է. պետք է ասեմ, որ դրանից ներկա իշխանությունը վախենում է: Քաղաքակիրթ որևէ երկրում և հատկապես նման պատմական քաղաքում այսպիսի քայլն անընդունելի է» :
Հայկական եկեղեցու հարևանությամբ երկար տարիներ ապրող բնակչուհի Լարիսա Սուխիշվիլին, ասում է` ցավ է ապրում, որ 65 տարի իր պատուհանից տեսել է հինավուրց տաճարը, իսկ հիմա նայելու է նորակառույց հյուրանոցին. չի ուզում, որ եկեղեցին մնա հյուրանոցի պատերի հետևում:
«Ես այս թաղամասի բնակիչ եմ: Ցավում եմ` հայկական եկեղեցին, որն ինչպես նախնիներիցս գիտեմ , Թիֆլիսի առաջին հայկական եկեղեցին է, կարող է կորցնել իրեն պատկանող տարածքը: Մանկությունս այս եկեղեցու մոտ է անցել: Սիրտս ցավում է` եկեղեցու հետևի մասում մի հյուրանոց կա, մեկն էլ պատրաստվում են առջևում կառուցել: Ինչու ցանկություն չկա պահպանել մեր հարուստ ժառանգությունը: Ասում են` Հայկական սփյուռքն այս հարցերին չի խառնվում, որպեսզի չասեն թե հայերը կռվում են վրացիների դեմ: Մեկ ուրիշն ասում է, թե փող են վերցրել և աչք փակել խնդրի վրա: Այնուամենայնիվ չի կարելի հարցն այսպես թողնել. նեղանում է նաև եկեղեցու առջև ընկած ճանապարհը` երթևեկության համար դառնալով իրական խոչընդոտ» :
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցներն ասում են` սա միայն սկիզբն է , պայքարը շարունակելու են, իսկ եկեղեցու հարևանությամբ սկսվել և շարունակվում է օբյեկտի շինարարությունը: Երևում է, որ արդեն հիմքի կառուցման աշխատանքներ են տարվում, իսկ մինչ այդ տարածքը ծառայում է որպես մեքենաների կայանատեղի: