Այսօր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում հնչել են հարցեր տարբեր ոլորտներից:
Անդրադառնալով Վրաստանի տետեսությանը` նախկին վարչապետը նշել է, որ այն վատ վիճակում է. 6 անգամ զիջում է զարգացած երկրների տնտեսությանը: Իվանիշվիլին միևնույն ժամանակ նշել է, որ 3-4 տարվա ընթացքում արվել է հնարավոր առավելագույնը:
«Ժողովրդավարության մակարդակով մենք կարող ենք մրցել եվրոպական երկրների հետ: Ինչ վերաբերում է տնտեսությանը, այստեղ մենք դեռ շատ խնդիրներ ունենք: Այդ խնդիրների համար մեղադրել ներկայիս իշխանությանը ճիշտ չէ, քանի որ նրանք արել են այն առավելագույնը, ինչ հնարավոր էր 3-4 տարվա ընթացքում: Իսկ մնացած բարեփոխումների համար հարկավոր է 10-15 տարի»,- նշել է Իվանիշվիլին:
Նախկին վարչապետը խոսել է նաև գալիք ընտրությունների մասին, վստահեցնելով, որ ընտրությունները կընթանան արդար պայմաններում, և առավելագույն ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Իվանիշվիլին իր անկեղծ ցանկությունն է հայտնել, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի:
«Ես պատրաստվում եմ այցելել բոլոր շրջանները, հանդիպումներ ունենալ և խոսել հեռուստատեսությամբ: Պատրաստվում եմ նկարագրել բոլոր կուսակցությունները փաստարկներով, ցույց տալ, թե ով ով է, թե ում կառավարությունը ինչպիսին է լինելու»,-ասել է Իվանիշվիլին:
Խոսելով ներկայիս կառավարության գործունեության մասին` նախկին վարչապետն ներկա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի մեջ տեսնում է իր երիտասարդության ժամանակ երազած մարդուն:
«Այսօրվա կառավարության մեջ շատ արժանի մարդիկ կան, բայց կցանկանայի առանձնացնել Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով շատ մարդկային հատկություններով է օժտված, հավասարակշռված է, առատաձեռն ու դրա հետ մեկտեղ հիանալի ղեկավար է, իր գործի լավ մասնագետ և ամենակարևորն այն է, որ նրան շարժող ուժը երկրին ծառայելու ցանկությունն է»:
Իվանիշվիլին նաև ավելացրել է. «Ընտրությունների ժամանակ եթե պարզվի, որ ես այլևս վստահություն չունեմ, ապա կհեռանամ: Կզբաղվեմ այն գործով, որով ցանկանում էի զբաղվել մինչ քաղաքականություն գալը: Ընտրություններին ես հատուկ դեր եմ խաղալու, քանի որ հասարակության կողմից զգում եմ իմ հանդեպ վստահություն: Իմ գործողությունների հիմքում է պատասխանատվության զգացողությունը, չեմ կարող դավաճանել այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ» , — հայտարարել է Իվանիշվիլին: