Բժիշկներին չի արգելվի աշխատել մի քանի բուժհաստատությունում. Սերգեենկո

Վրաստանի առողջապահության նախարարի տեղեկատվության համաձայն՝ բժիշկներին չի արգելվի աշխատել մի քանի  բուժհաստատությունում: Այս մասին նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է Imedi հեռուստաընկերության եթերում:

Ըստ նախարարի՝ բժիշկների համար հաճախ անհասանելի են արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև հանգստի պայմանները: Սերգեենկոն հավելել է, որ այդ խնդիրը միայն Վրաստանում չէ:

«Բժիշկների մի  քանի աշխատավայրում աշխատելու վերաբերյալ կանոնակարգ չենք մշակում և մոտ ապագայում նույնպես չենք ծրագրում: Իհարկե, լինի բժիշկ, թե այլ մասնագիտության տեր մարդ, շատ ավելի նախընտրելի է, որ ունենա այնպիսի աշխատանքային ռեժիմ, որը կապահովի նրա արդյունավետ աշխատանքն ու լիարժեք հանգիստը»,- ասել է Սերգեենկոն:

Մի քանի բուժհաստատությունում աշխատող  բժիշկների վերաբերյալ կանոնակարգ մտցնելու նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեին: Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Զոիձեն նշել է, որ մի աշխատավայրից մյուսը տեղափոխվելով և օրվա մեջ 30 վիրահատություն անող բժիշկը հնարավոր է սխալ թույլ տա, ինչը, միանշանակ, բացասական ազդեցություն կունենա քաղաքացու առողջության վրա:

Թողնել պատասխան