Ընդամենը մեկ ամսից Ախալքալաքում կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը: Տեղացի ֆերմերները կարտոֆիլը խնամելու համար գյուղատնտեսական տեխնիկա, թունաքիմիկատներ ձեռք բերելու կամ մասնագիտական խորհուրդ ստանալու նպատակով դիմում են «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիա: 2014-ին հիմնադրված ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովի հետ խոսեցինք ասոցիացիայի հիմնադրման պատմության և նպատակների մասին.
«Երկար տարիներ աշխատելով այս շրջանում պարզ դարձավ, որ կարտոֆիլի մշակումն ամենաեկամտաբեր ու ամենատարածված գործն է: Դժվար չէր հասկանալ, որ հարկավոր է գործում ներգրավել նոր տեխնոլոգիաներ՝ որակն առավել բարձր ստանդարտների համապատասխանեցնել համար: Այդ պահին մեզ շատ օգնեց «Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնը», որն ըստ աշխարհագրական տեղամասի՝ արտադրանքների գրանցում հայտարարեց։ Առաջին անգամ Ջավախքի պատմության մեջ բրենդային արտադրանք ունեցանք կարտոֆիլի տեսքով»:
Ըստ Մախարեի՝ բրենդավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ Ախալքալաքի կարտոֆիլի անվան տակ շուկայում վաճառվել են տարբեր տեղամասերի կարտոֆիլներ: Գրանցումն ասոցիացիային տվել է մի շարք յուրահատկություններ ունեցող բրենդը պաշտպանելու մեխանիզմներ:
«Նախ մեր դաշտավայրերը գտնվում են ծովի մակարդակից շուրջ 2000 մետր բարձրության վրա, որտեղ մի շարք հիվանդություններ պարզապես չեն առաջանում։ Ախալքալաքի սևահողը նույնպես նպաստում է յուրահատուկ համին, բացի այդ մեր կարտոֆիլը նաև էկոլոգիապես մաքուր է»:
Կենտրոնում փորձի փոխանակման են գալիս ֆերմերներ աշխարհի տարբեր անկյուններից, կազմակերպվում են տարբեր տեղեկատվական հանդիպումներ: Մախարեն առանց ջանք խնայելու ֆերմերներին պատմում է, թե ինչպես պետք է խուսափել և պայքարել տարբեր հիվանդությունների դեմ:
«Նախկինում կարտոֆիլաբուծությամբ զբաղվելն ընտանեկան ավանդույթի պահպանման բնույթ ուներ: Մարդիկ կարտոֆիլ էին աճեցնում, քանի որ ժամանակին դրանով զբաղվել են իրենց հայրերն ու պապերը: Ի ուրախություն մեզ՝ վերջին տարիներին հայտնվել են ֆերմերներ, ովքեր այս ամենը որպես բիզնես են դիտարկում: Նրանք սկսել են հաշվել, ընտրել, նոր տեխնոլոգիաներ կիրառել և զարգացնել այդ բիզնեսը»:
Մախարեի խոսքերով՝ ֆերմերներն արդեն յուրացրել են նոր տեխնոլոգիաները, կարտոֆիլն էլ արդեն բրենդավորված է, հիմա անելիքն այլ է.
«Հիմա պետք է ավելի ակտիվ մասնակցել մրցույթներին (տենդերներին), Ջավախքում հարկավոր է կառուցել նորաոճ պահեստներ, որտեղ կլինեն պահեստավորված ապրանքների կառավարումը դյուրացնող տեխնիկաներ։ Դրա հետ մեկտեղ մենք դեռ չենք կարողանում որոշակի կայուն գնով կայուն քանակությամբ կարտոֆիլ մատակարարել, իսկ մեծ կազմակերպությունների համար դա առաջնահերթություն է: Այս ամենի իրականացման համար շատ կարևոր է նաև պետության բարի կամքը։ Մարդիկ չեն վստահում, կամ չգիտեն պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին:»:
Ասոցիացիայի նախագահը նշեց նաև, որ Ախալքալաքի կարտոֆիլը Եվրոպա արտահանելու համար կան բոլոր նախադրյալները, դրան նաև իրատեսորեն են նայում որոշ ֆերմերներ: Մախարեն ուշադրությունը կենտրոնացնում է այլ շուկաների վրա ևս.
«Շատ կարևոր շուկա է մեզ համար բանակը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկները: Շատ լավ կլիներ, եթե պետությունն անցկացներ շրջանային մրցույթներ, հակառակ դեպքում շահույթը ֆերմերներին շատ քիչ է հասնում: Բացի դրանից, միջնորդներն են անվստահելի, ովքեր շատ հաճախ չեն վճարել ֆերմերներին պայմանավորվածության համաձայն: Դժվար է ֆերմերին բացատրել, որ դրա մեջ ոչ թե պետությունն է մեղավոր այլ ինչ որ խաբեբա»:
«Ալիք մեդիայի» նկարահանող խմբին Մացուկատովը ծանոթացրեց ասոցիացիայում վաճառվող տեխնիկային և թունաքիմիկատներին.
«Այս պահին մենք ունենք կարտոֆիլի մշակման համար նախատեսված իրանական տեխնիկա: Մարդկանց մոտ կարծրատիպ կա, թե բելառուսական տրակտորն ամենալավն է: Իրականում կան ավելի նորաձևերը»: