Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետը։
Անցակետի բացման առիթով Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ ստեղծվել է շատ կարևոր մի ենթակառուցվածք: Վարչապետի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, բացման արարողությունից հետո կողմերը խոսել են բարիդրացիական հարաբերությունները խորացնելու շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:
Իր հերթին, Սերժ Սարգսյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին շնորհավորել է խորհրդարանական ընտորություններում «Վրացական երազանքի» տարած հաղթանակի կապակցությամբ: «Interpressnews»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո Հայաստանի նախագահը Կվիրիկաշվիլիին աշխատանքային ընթրիքի է հրավիրել:
Ինչ վերաբերում է «Բարեկամության կամրջի» կառուցմանը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2014-ին, ապա այս ուղղությամբ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվանից։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Հիշեցնենք՝ կամուրջը, որը ստացել է «Բարեկամության կամուրջ» անվանումը, կառուցվելու է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա։