Հայաստանի հանրապետության արտգործնախարարության ինտերնետային էջից տեղեկանում ենք, որ Բաթումիում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել
ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի, Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեի, Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովի, Կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլիի, Առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար Նուգզար Սուրմանիձեի, Գյուղատնտեսության նախարար Զաուր Փութկարաձեի, Գլխավոր դատախազ Գիորգի Մոսաշվիլիի հետ:
Գյուղատնտեսության նախարար Փութկարաձեի հետ քննարկվել են «ՀՀ Լոռու մարզի ու Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև համագործակցության մասին» 2014 թ. համաձայնագրի շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Թավամաիշվիլիի հետ հանդիպման ժամանակ Արամ Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ ակտիվ համագործակցության համար, որի վկայությունն են մշակութային ոլորտում կազմակերպված և դեռևս մշակվող ծրագրերի իրականացումը` ինչպես Բաթումիում, այնպես էլ՝ Երևանում:
Իրավական հարցերի լայն շրջանակը ներառված էր Աջարիայի նորանշանակ Գլխավոր դատախազ Մոսաշվիլիի հետ հանդիպման օրակարգում:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը արդյունավետ աշխատանքի և փոխշահավետ համագործակցության համար ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի կողմից պարգևատրվել է Աջարիայի կառավարության շնորհակալագրով: