ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպության և «Silk Road Group» ընկերության համատեղ հայտարարության համաձայն, պաշտոնապես դադարեցվում է Բաթումի քաղաքում Թրամփ Թաուեր երկնաքերի կառուցման նախագիծը: Ծրագիրն իրականացվում էր 2011 թվականի մարտին հաստատված պայմանագրի հիման վրա: Սրա հետ՝ մեկտեղ Դոնալդ Թրամփի կազմակերպությունը հայտնել է իր խորը հարգանքը «Silk Road Group» ընկերության և Վրաստանի հանրապետության նկատմամբ: Իր հերթին՝ ընկերությունը շնորհակալ է ծրագրի համար տրամադրած ժամանակի և ուշադրության համար և ըմբռնումով է մոտենում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք որ Բաթումիում 47-հարկանի Թրամփ-Թաուերի կառուցման վերաբերյալ 2012 թ.-ին համաձայնության էին եկել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Դոնալդ Թրամփը։ Նախագիծը սառեցվել էր Սահակաշվիլիի պաշտոնաթողությունից հետո։ Ավելի վաղ «Silk Road Group» ընկերության ղեկավար Գեորգի Ռամիշվիլին վրաստանյան լրատվամիջոցներով հայտնել էր Թրամփի երդմնակալության արարողությունից հետո նախագծի հնարավոր վերագործարկման մասին: Նոր որոշման պատճառների մասին ընկերությոնը լռում է: Ապագայում «Silk Road Group» պլանավորում է Բաթումիի սևծովյան ափամերձ տարածում բարձրակարգ բնակելի տարածքների կառուցում: Ընկերությունը համոզված է, որ ծրագիրը կամրապնդի Վրաստանի դիրքերը՝ որպես միջազգային զբոսաշրջության գրավիչ կենտրոններից մեկը: