Վրաստանում արևային էլեկտրակայանների կառուցման համար շուտով տնտեսական և տեխնիկական հետազոտություններ կսկսվեն: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 24-ի նիստում:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տեղեկացրել է, որ առաջիկա 1,5 տարվա ընթացքում կավարտվեն էլեկտրակայանի թվով 8 պոտենցիալ վայրերի հետազոտությունները, որից հետո կընդունվի արևային էլեկտրակայաններ կառուցելու մասին որոշումը: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
«Սա կլինի Վրաստանի էներգետիկ անկախությանն ուղղված ևս մի կարևոր քայլ: Ինչպես գիտեք, վերջերս Քարելիի շրջանում բացվել է քամու էներգիայով աշխատող առաջին էլեկտրակայանը, ինչն այլընտրանքային էներգետիկ աղբյուրների յուրացման և Վրաստանի էներգետիկ անկախության հասնելու ճանապարհին չափազանց կարևոր որոշում էր»,- ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ Վրաստանն արդեն էներգետիկ անկախության հասնելու հարցում բավականին հաստատուն քայլեր է արել, ինչը ներդրողների համար կարող է նոր առաջարկների հիմնք դառնալ։