«Առանց վիզայի մուտքի» տեղեկատվական արշավի ժամանակ Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն ասել է, որ արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար ազգանվան փոփոխման գործընթացը պետք է բարդանա: Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել Եվրամիության երկրներում առանց վիզային ռեժիմի պայմանները խախտող քաղաքացիներին վերաբերող օրենսդրությունը: Ծրագրված է նաև խստացնել ազգանվան փոփոխության ընթացակարգը, քանի որ Վրաստանի որոշ քաղաքացիներ, ում ապաստան է տրամադրվում, վերադառնում են հայրենիք, անցնում իրենց հարազատների ազգանվանը, ապա կրկին մեկնում ԵՄ երկրներ:
Փոխնախարարի խոսքերով՝ այս ուղղությամբ իրականացվող լիբերալ քաղաքականությունը պետք է փոխարինել ավելի խիստ տարբերակով: Նա տեղեկացրել է, որ այսուհետ ազգանվան փոփոխության համար, արտերկրում ապրող անձը, ինչպես նախկինում, կարող է դիմել հյուպատոսություն՝ առանց միջնորդների, սակայն, երբ գործը հասնի որոշում կայացնելուն, անձը պարտավոր կլինի ներկայանալ Վրաստանում պետական ծառայությունների զարգացման գործակալություն և հաստատել՝ ինչ նպատակով է փոխում ազգանունը:
Բարամիձեն ասել է, որ փոփոխության համար հիմք է դարձել վերջերս հնչող մտահոգություններն այն մասին, որ Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում ավելացել է ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների և առանց վիզային ռեժիմի կարգը խախտողների թիվը. «Մենք լուրջ ենք վերաբերվում այս հարցին, քանի որ մեր երկրից ու կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվել մեր քաղաքացիների համար այս արտոնության ձեռքբերման գործում»:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է որոշ փոփոխությունների մշակում: Դրանցից մեկը՝ ազգանվան փոփոխության գործընթացի խստացումն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը, որից հետո այն կուսումնասիրվի խորհրդարանում:
Ներկայում, ըստ վրաստանյան օրենսդրության, Վրաստանի քաղաքացին կարող է իր ազգանունը փոխել՝ վերցնելով ամուսնունը, ինչպես նաև այլ հարազատներինը, դրա համար անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել անձը և հարազատությունը հաստատող փաստաթուղթ: Գործընթացը տևում է 45 օր, արժենում 55 լարի, ամուսնու ազգանվանն անցնելու դեպքում անվճար է:
Նյութի աղբյուր՝ sputnik-georgia