«Արժանի պատասխան 2016». Բեմադրված պատերազմ

Ծանոթանալ ռազմական լրատվության առանձնահատկություններին, յուրացնել պատերազմական պայմաններում աշխատելու հմտությունները, տարբերել ստույգ տեղեկատվությունը` ապատեղեկատվությունից:

Սրանք էին Վրաստանի ՊՆ-ի կողմից հուլիսի 1-ից 5-ը կազմակերպված «Արժանի պատասխան 2016» խորագիրը կրող նախագծի գլխավոր նպատակները:  Վրաստանի արևմուտքում գտնվող`  Սենակի քաղաքի երկրորդ հետևակային բրիգադի ռազմաբազայում կազմակերպված դասընթացին   մասնակցում էին  երկրում գործող ավելի քան 10 հեղինակավոր մամուլի միջոցների 20-ից ավելի  ներկայացուցիչներ: Դասընթացի կազմակերպիչների թվում էին  նաև կիբեռանվտանգության փորձագետներ, հոգեբաններ, ռազմական լրատվության ոլորտում փորձառու լրագրողներ, ինչպես նաև Ուկրաինայի ՊՆ-ից  հրավիրված աշխատակիցներ:

13599911_1354851117878365_7071588406514505230_nԼրագրողները ծանոթացան  անվտանգության կանոններին, սովորեցին առաջին օգնություն ցուցաբերել, ընտելացան միջավայրին, զինվորական կյանքի ու կարգապահության առանձնահատկություններին:  Մասնակիցները դեռևս չէին գիտակցում,  թե ինչ  փորձություններ են սպասվում հաջորդ օերրին:

Դասընթացների մասնակից, Ախալցիխեի «Իմպերիա 9-րդ ալիք» հեռուստառադիոընկերության  լրագրողը,  ով անցել էր 2008 թվականի պատերազմով, որպես զինվորական կիսվեց իր տպավորություններով.  «Այս հինգ օրերի ընթացքում պատերազմական պայմաններում աշխատելու շատ կարևոր փորձ ձեռք բերեցի: Ափսոս,  որ ավելի երկար չտևեց:  Հուսով եմ` նախագիծը կշարունակվի և հնարավորության դեպքում անպայման նորից կմասնակցեմ: Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր  մասնակցել են այս յուրօրինակ  նախագծի ստեղծմանն ու իրագործմանը»:

Վրաստանի պաշտպանության նախարարության վերլուծական վարչության ղեկավար Ռատի Շարտավայի կարծիքով`  այս դասընթացն  անցած լրագրողները  պատերազմի դեպքում ավելի իրազեկ ու պատրաստ  կլինեն. «Իմ կարծիքով` ամեն ինչ  անցկացվեց  բարձր մակարդակով: Դա կհաստատեն նաև մասնակիցները: Ստեղծվել էին  տեղեկատվական պատերազմի բոլոր պայմանները: Վրաստանում առաջին անգամ է տեղի ունենում նմանատիպ դասընթաց, որտեղ ներգրավված էին և զինված ուժերը և լրատվամիջոցները: Հատկանշական է նաև լրագրողների աշխատանքային պրոֆեսիոնալիզմը: Աստված մի արասցե,  եթե հայտնվենք  պատերազմական պայմաններում,  մեր լրագրողները առավել իրազեկ կգտվեն»:

«Accent» լրատվականի լրագրող Դիանա Մուսելիանին գտնում է, որ ստեղծված պայմաններում ռազմական լրագրողները պետք է լավ պատրաստված լինեն.  «Հատկապես հետաքրքիր էին  վերջին օրերը, երբ արդեն ներգրավված էինք ռազմական գործողություններում: Մեծ էր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,  մասնավորապես դժվար էր զրահաբաճկոններով աշխատելը: Լավ կլինի հետագայում շարունակվի այս նախագիծը և շեշտը դրվի անվտանգության նորմերի պահպանման վրա: Մեծ հաճույքով կմասնակցեմ հետագա ծրագրերեին, չէ որ ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ  անկանխատեսելի է վաղվա օրը»:

Դասընթացի  կազմակերպիչներից Դավիթ Ձիձիշվիլիի կարծիքով`  կատարելագործելու դեռ շատ տեղ կա. «մենք փորձում էինք տեղեկատվական պատերազմի, քարոզչության  և պատերազմական գործողությունների` այսպես ասած բեմադրությամբ փոխանցել լրագրության այս ոլորտի փորձն ու հմտությունները: Կարծում եմ` բավականին լավ անցավ, սակայն կատարելագործելու դեռ շատ բան կա: Հուսով եմ` մյուս տարիներին այս ծրագիրը կշարունակվի և կկարողանանք առավել հետաքրքիր և ինֆորմատիվ միջոցառումներ կազմակերպել»:

Դասընթացներին հյուրընկալվել էր նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:  «Մենք այժմ զբաղված ենք լրագրողների պահուստային խմբի ստեղծմամբ: Դա  նախարարության քաղաքականության մի մասն է կազմում: Քանի որ հիբրիդային պատերազմները հաճախակի են դարձել, մեծացել է նաև տեղեկատվական պատերազմի դերը և դա յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ մարտահրավերներից մեկն է:  Մենք փորձում ենք օգնել վրացական մեդիային` հաղթահարելու այդ մարտահրավերները»: 

13624489_1354999441196866_1216921775_nԱյսպիսով բերմադրված  պատերազմն ավարտվեց: Միջոցառման ավարտին բոլոր լրագրողներն ու  օպերատորները, այդ թվում Ալիքի ներկայացուցիչները  վկայականներ ստացան:

 

 

Թողնել պատասխան