«Ռուսաստանը նախապայմաններ է առաջադրել, որոնք սակայն սպառնալիք չի կարելի որակել: Այսուհանդերձ մենք ստիպված էինք խելամիտ որոշում ընդունել` ելնելով ստղծված իրավիճակից»,- այս մասին հունվարի 26-ին «Ազտություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլին:
Փոխնախարարի խոսքերով, բավականին իրատեսական է «Գազպրոմի» կողմից դեպի Հայաստան գազի արտահանման հարցում Վրաստանը Իրանով փոխարինելը.
«Իրան-Հայաստան գազատարի առկայությունը գաղտնիք չէ: Այս խողովակաշարի թողունակությունը 2,3 մլրդ խորանարդ մետր է, ինչը ավելին է` քան Հայաստանի գազի պահանջարկը: Ապագայում պահանջարկի ավելացման դեպքում հնարավոր է բավականին արագ ձևափոխել ենթակառուցվածքը, ինչպես Ռուսաստանը վարվեց Ուկրաինայի դեպքում, որտեղ նման ենթակառուցվածք ընդհանրապես չկար: Ռուսաստանի համար ենթակառուցվածքի փոփոխությունը մեծ գումարների հետ կապված չէ, իսկ «Գազպրոմի» համար կոմերցիան առաջնահերթություն չէ, այդ իսկ պատճառով Իրանի տարածքով գազի արտահանման համեմատաբար բարձր գինը նրա համար արգելք չէր հանդիսանա»,- հայտարարել է Վալիաշվիլին:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների փոփոխության շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ` Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
Ռուսական «Գազպրոմի» հետ ձեռք բերված նոր համաձայնագիրը քննադատեցին երկրի նախագահը, բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և փորձագետներ: Նրանց պնդմամբ, «Գազպրոմի» հետ պայմանագիրը տնտեսական տեսանկյունից շահավետ չէ և ավելացնում է Ռուսաստանից կախվածությունը:
Հատկանշական է, որ պայմանագրի հրապարակման վերաբերյալ քաղաքական գործիչների բազմաթիվ պահանջներին ի պատասխան, Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 30-ին հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ պայմանագիրը հրապարակել հնարավոր չէ ստերագրող մեկ կողմի նախաձեռնությամբ.
«Հարկավոր է «Գազպրոմի» համաձայնությունը ևս, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշել է նախարարը: