ՀՀ մայրաքաղաք Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Ավրորա-2017» մրցանակաբաշխության արարողությունը: «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան:
Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։
«Ավրորա» մրցանակի դափնեկիրը 2015-ից 2023 թվականներին (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) ստանալու է 100.000 դոլար և բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։
Հիշեցնենք՝ նախորդ տարի «Ավրորա» մրցանակին արժանացել էր Մարգարիտ Բարանկիցեն: Նա հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Կորցնելով իր 7 զավակներին` նա փրկել է ավելի քան 30 հազար երեխայի: