Թեև Բաթումիի փողոցներում այս պահին համեմատաբար հանգիստ է, մարտի 11-ի երեկոյան տեղի ունեցածը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Ձերբակալությունները շարունակվում են, իսկ քաղաքական ուժերը միմյանց մեղադրում իրավիճակի սրման մեջ: Որոշ քաղաքական գործիչներ տեղի ունեցածը երկրի Պետական անվտանգության ծառայության կողմից հրահրված են համարում:
Տարածված տեղեկությունների համաձայն, ամեն ինչ սկսվել է Բաթումիի պարեկային ոստիկանության կողմից քաղաքացում տուգանելուց, ով մեքենան կայանել էր փողոցի արգելված հատվածում: Որոշ լրատվամիջոցներ, կոնկրետ աղբյուր չնշելով, գրում են, թե վարորդը մեքենան նշված վայրում կայանած է եղել` երեխայի թաղումից հետո վատ ինքնազգացողություն ունեցող կնոջ համար դեղորայք գնելու նպատակով:
Այժմ ընդդիմադիր հանդիսացող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ զարգացումներից օգտվել են այն անձինք, ովքեր ցանկացել են պաշտոնանկ անել Աջարիայի ոստիկանությանապետին: Իրենց հերթին ցուցարարներից ոմանք պնդում են, թե ոստիկանանպետը Աջարիայում բնակվող մահմեդական վրացիներին «թաթար» է անվանել: Ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին ծագումով Գորիից է եւ համակարգում աշխատել է սկսելով որպես տեսուչ-քննիչ: Աջարիայի ոստիկանապետի պաշտոնում նա նաշնակվել է 2016 թվականի հունվարի 18-ին:
Բաթումիի բախումների շուրջ սոցիալական ցանցերում խնդրի շուրջ կարելի էր հանդիպել քննադատությունից մինչեւ հումորային ձեւակերպումներ, ինչպես օրինակ` «աջարացիները այնքան են զայրացած ոստիկանապետի վրա, որ նույնիսկ Գորիի խնձոր չեն ուտում»:
Այսուհանդերձ, նախօրեի բախումներից անմիջապես հետո հնչեցին մի շարք քաղաքական հայտարարություններ, իշխանության եւ ընդդիմության միջեւ արդեն ավանդական դարձած մեղադրանքներով: Իշխող թիմը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»-ը մեղադրում է տեղի ունեցածի մեջ` հայտարելով, թե կուսակցության ծայրահեղական տրամադրություններ ունեցող առաջնորդներին և թշնամիներին թույլ չեն տա երկրում անկարգություններ վերսկսել:
«Սա երկիր է, որտեղ կա կառուցողական կառավարություն և ապակառուցողական ընդդիմադիր հատված»,- հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին մեղադրում են իշխանություններին` նշելով, թե ամեն ինչի պատասխանատվությունը կրում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Այսպես, մարտի 11-ի ուշ երեկոյան ընդդիմադիր պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարեց. «Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է կառավարությունը և անձամբ Բիձինա Իվանիշվիլին, ով հավանաբար նույնիսկ քնած է»:
Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը նույնպես դատապարտեց Բաթումիի իրադարձությունները. «Այն ինչ տեղի է ունեցել քաղաքում` որևէ կապ չունի ազատության հետ: Բնական է` ուժի կիրառումը այնպիսի գործողություն է, որը պետք է պատժվի համապատասխան մարմինների կողմից»,- հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, ով Գիորգի Մարգվելաշվիլիի հանձնարարությամբ գտնվում է Բաթումիում:
Ներկայում Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում են գտնվում Վրաստանի վարչապետը, Ներքին գործերի նախարարը, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք: Երեկվա ցույցին կիրառված ուժի վերաբերյալ ընդդիմությունը մեղադրանքից զատ որևէ այլ հայտարարություն չարեց, իսկ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ուղիղ եթերում հայտարարեց, թե երկրում ո՛չ ներքին գործերի նախարար կա, ո՛չ էլ վարչապետ:
«Ոչ մեկին չծեծեք». թերևս ոստիկանների կողմից ամենաշատ արտահայտած բառակապակցությունն է, որը ուրախացրել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Դոլիձեին: «Բաթումիի ցույցը խաղաղ չի եղել: Արդարադատությունը ասում է, որ այս իրավիճակում իշխանության կողմից կիրառվող ուժը պետք է համաչափ լինի: «Վրացական երազանքը», իշխանափոխությունից հետո առաջին անգամ ուժ կիրառեց և ամենահաճախ լսվող արտահայտությունը հետևյալն էր. «ոչ մի ծեծ», «ոչ մեկին չծեծել»: Մարդու համար, ով տեսել է մայիսի 26-ի արյունոտ և ծառերի մոտ ընկած վիրավոր մարդկանց, այս արտահատությունը հուսադրող է: Հույս ունեմ, Բաթումիի դեպքերը կվերլուծվեն տարբեր քաղական գործիչներ և իրավապահներ, եւ եթե մի լավ բան կարող ենք հիշել երեկվա դեպքերից, դա հենց «ոչ մեկին չծեծել» արտահայտությունն է»:
Լուսանկարը` Netgazeti.ge