
Փետրվարի 7-ին Պրահայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը: Կողմերն ամփոփել են 2016 թվականին դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում վրաց-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարված քայլերը:
Հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ երկու երկրների քաղաքացիների միջև փոխհարաբերությունների աճող դինամիկան ուրախալի է: Կարասինը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում էլ ավելի թեթևացնել Վրաստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Փոխնախարարը չի բացառել նաեւ, որ ապագայում վրաստանցիների համար ՌԴ վիզան ամբողջապես կվերացվի:
Ի դեպ, Կարասին-Աբաշիձե հերթական հանդիպումը նախատեսվում է մայիս ամսին: