Աջարիայի օրենսդիր մարմինը բազմակուսակցական է

Հոկտեմբերի 8-ին Աջարայիում  տեղի ունեցած Գերագույն խորհրդի ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարել է 4  քաղաքական ուժ։  Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, համամասնական ընտրակարգով  անցկացված ընտրություններում «Վրացական երազանք»-ը ստացել է քվեների 45 տոկոսը,  «Միացյալ ազգային շարժումը»՝ 29,68, «Նինո Բուրջանաձե-Ժողովրդավարական Վրաստան»՝ 5,9, իսկ «Հայրենասերների դաշինք»-ը՝ 5,72:

Ինչ վերաբերում է Գերագույն խորհրդի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, Աջարայի 6 ընտրատարածքներում երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն  է առաջացել․Մեծամասնական թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել:

Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուները բոլոր ընտրատարածքներում առաջատար դիրքերում են:

Հիշեցնենք՝ Աջարայի օրենսդիր մարմնում 21 մանդատ կա: Այստեղից 15 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրացուցակով, իսկ 6-ը՝ մեծամասնականով:

Նախնական տվյալներով,  իշխող «Վրացական երազանք»-ը Աջարիայի Գերագույն խորհրդում  կունենա 8 պատգամավոր, «Միացյալ ազգային շարժումը»՝ 5, «Նինո Բուրջանաձե-Ժողովրդավարական Վրաստան» և «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Հայրենասերների դաշինք»-ը՝ մեկական պատգամավոր:

Հատկանշական է, որ Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրություններում «Հայրենասերների դաշինք»-ի ցուցակի առաջին տեղում կուսակցության հիմնադիր Դավիթ Թարխան-Մոուրավին է:

 

Թողնել պատասխան